Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը իր գործարարությամբ է զբաղվելու. lragir.am

lragir.am-ը զրուցել է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ

– Պարոն Պետրոսյան, Ազատամարտիկների դաշինքը մեծ ակնկալիքներ ուներ ուրբաթ օրվա հանրահավաքից, որը չեղյալ հայտարարվեց ԲՀԿ-ի կողմից: Կատարվածն անակնկա՞լ էր Ձեզ համար։

– Տևական ժամանակ է՝ ես պայքարի մեջ եմ, և նման ցնցումները, փորձությունները պայքարի դուրս եկած մարդու համար սովորական են, մանավանդ Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն վայրկյան քաղաքական վայրիվերումներ են։ Այսօր ամեն ինչ չէ, որ կորած է: Ես նորմալ եմ համարում, կարող էր նաև այս ձև լինել։ Մեր երկրում այդպես է, եթե մարդն իսկապես նպատակ ունի, բայց վախի մթնոլորտ է, պատասխանատվության խնդիր կա, մարդը գիտի, որ այս իշխանությունը ի զորու է ուժ կիրառել, կրակել ժողովրդի վրա, նա չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել։ Իշխանությունը թմբկահարում է, որ հանրահավաքն արտոնված չէ, կարող է ուժ կիրառել:

– Կարծում եք՝ իշխանությունը վտանգ տեսա՞վ ուրբաթ օրվա հանրահավաքի մեջ, դրա համար գնաց ադ քայլերին, թե՞ ավելի լուրջ պատճառներ կային: Եվ արդյոք եռյակ կա՞ այսօր:

– Շրջաններում ձևավորվել են համաժողովրդական շարժման գրասենյակներ, որոնց մեջ ոչ միայն ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, կամ Ժառանգության համակիրներն են, այլ նաև որևէ քաղաքական ուժի չպատկանող շատ քաղաքացիներ են համախմբվել, սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անհատներ, որոնք երկրում արմատական փոփոխությունների կողմնակից են: Այնպես որ, եթե ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի բազայի հիման վրա են ձևավորվել այդ համաժողովրդական շարժման գրասենյակները, այնտեղ արդեն որևէ կուսակցական պատկանելության խնդիր դրված չէ: Բնականաբար, մարտի մեկին շարժման ալիքը հզորանալու միտում ունի, մանավանդ որ ժողովուրդն էլ տեսավ, որ այսօրվա այս փոփոխությունների մեղավորը իշխանություններն են, իրենք իրենց ահաբեկված լինելու արդյունքում անցան իրենց բիրտ մեթոդներով վախեցնելու, ահաբեկելու, գրասենյակների վրա ապօրինի հարձակումների,  ձերբակալությունների, մարդկանց կալանավորելու, այսինքն`այն սցենարով, որ մարտի մեկի դեպքերից առաջ ականատես ենք եղել: Մենք այդ ամենը տեսել ենք, բայց ի տարբերություն 2008 թվականի, հիմա ուրիշ իրավիճակ է, հիմա ժողովուրդն ավելի քիչ է վախենում, հիմա իշխանությունն է վախեցած:

– Այսինքն` իշխանությունները նույն մեթոդնե՞րն են կիրառելու:

– Կարծում եմ՝ չեն գնա այդ ճանապարհով, քանի որ այդ ռեսուրսը չունեն։ Վստահ եմ՝  ուժային կառույցներում ծառայող մեր քաղաքացիները նույն կարգավիճակում են, ինչ որ մենք ենք, նույն սոցիալական բեռի տակ են, նույն կերպ արհամարհված: Անկախ ամեն ինչից, մեր ժողովրդին անհրաժեշտ են բարեփոխումներ, իսկ մենք այսօր կանգնած ենք մեր ժողովրդի կողքին: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը իր գործարարությամբ է զբաղվելու, իսկ քաղաքական թիմը ինչ որոշում կկայացնի, դրա մասին կհայտնեն: Անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք պայքարը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը, ովքեր համաժողովրդական պայքարին անդամագրվել են, կշարունակեն իրենց պայքարը, իսկ ԲՀԿ-ն եթե կշարունակի, փառք ու պատիվ, թե չի շարունակի, Աստված իր հետ:

– Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ շարունակում է գործարարությամբ զբաղվել և թողնո՞ւմ է քաղաքականությունը։

– Ես չեմ կարող որևէ քաղաքական գործչի կամ առաջնորդի փոխարեն պատասխանել, քանի որ մենք հետագա գործողությունները չենք քննարկել։ Միայն մի բան գիտեմ, որ պայքարի հետ կապված այդ մարդու դիրքորոշումը միշտ հստակ է եղել, և ինքն էլ գիտակցում է, որ մեր երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, գոնե այդպես են եղել մեր բոլոր հանդիպումները, այդ թվում նաև վերջին հանդիպումը։ Ամեն դեպքում, թե վաղը ինչ քաղաքական կուրս կունենան ԲՀԿ-ն և իր առաջնորդը, արդեն մենք կարճ ժամանակ հետո կիմանանք։ Ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն իր ոչ պակաս ռեսուրսով եթե ոչ առաջին դեմքերի մակարդակով, ապա գոնե շարքային քաղաքացիների, մասնակցելու է հանրահավաքին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս