«Պարզաբանում իմ և Դոկտ. Վերժինե Սվազլյանի միջև տեղի ունեցած բանավեճի մասին»

Ս.թ. փետրվարի 09-ին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայք»-ում, ինչպես նաև «Հորիզոն»-ի և «Երկիր»-ի կայքերում տեսա «Ողջ Մնացած Հայ Կիները Փրկուելու Համար Կ՚ամուսնանային Արաբներու Հետ… Բաթրայի վկայությունը» վերնագրով հոդվածը, որն իմ ուսումնասիրությունն էր առանց հղման՝ քաղված Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքից:

Անմիջապես նամակ ուղարկեցի հարգարժան դր. Վերժինե Սվազլյանին մամուլի միջոցով, ուր իմ միակ խնդրանքն էր, որպեսզի հեղինակային իրավունքս պաշտպանվեր: Տիկին Սվազլյանը շատ արագ արձագանքեց և ինձ գոհացնող պատասխան տվեց՝ նշելով, որ ինքը գրքում ամրագրել է իմ անունը, իմ կողմից ստեղծված տեսաերիզը և, որ իմ հեղինակային իրավունքը գրքում պաշտպանված է, որի համար շատ շնորհակալ եմ:

Սակայն իմ հերթին կցանկանայի մի քանի դիտարկում անել: Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես երբեք չեմ համարձակվեր կասկածի տակ դնել իր աշխատանքները: Սակայն այս պարագայում ես փաստորեն առաջնորդվել էի միայն կայքերի նյութերով, ինչը և դարձել էր թյուրիմացության պատճառը:

Վստահ եմ, որ տիկին Սվազլյան էլ, որպես ոլորտի լավագույն մասնագետ, շատ լավ հասկանում է, թե որքան դժվարությամբ են արվում նման կարգի ուսումնասիրությունները, ինչը, բնականաբար, դյուրին չի եղել նաև իմ համար. այցելել Տեր-Զոր, զրուցել այդ մարդկանց հետ, իսկ հետո, մամուլում և կայքերում գտնել քո նյութը բառացի՝ առանց հղման:

Հույս ունեմ, որ խնդիրը հաղթահարված է: Հուսով եմ, որ տիկին Սվազլյանը ներողամիտ կգտնվի այս թյուրիմացության հարցում: Մանավանդ որ Դոկտ. Սվազլյանն իր անձնական նամակով ինձ բացատրեց, որ կայքերը, ցավոք, հակիրճ տեղեկություններ են տպագրում իր հրատարակություններից ընդհանրապես առանց տողատակերի, դրանով իսկ բազմաթիվ տարակարծությունների առիթ տալով:

Ցավալի է, որ նմանատիպ դեպքեր կը պատահին նյութեր օգտագործելով առանց աղբյուրը նշելու, կարծում եմ՝ մեր գիտական շրջանակներն ու մամուլը պետք է այդ երևույթներին դեմ դնեն:

Շնորհակալություն եմ հայտնում տիկին Սվազլյանին հասկացողության համար:

Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում Վերժինե Սվազլյանի ավանդը Հայոց ցեղասպանության պատմության և բանավոր վկայությունները հավաքելու և դրանք հավուր պատշաճի ուսումնասիրելու գործում: Բազմավաստակ գիտնականին մաղթում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Հարգանքներով՝ Նորա Արիսեան
պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ
Դամասկոսի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ

Տեսանյութեր

Լրահոս