Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատում հայ-եզդիական դարավոր բարեկամությունը

Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց հայ-եզդիական դարավոր բարեկամությունը և եզդիական համայնքի ներդրումը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ եզդիական համայնքը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում:

Հանդիպմանը քննարկվեցին հայ և եզդիական համայնքային և ազգային կառույցների միջև հարաբերությունների առավել զարգացմանը և ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիներն անդրադարձան նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների ներքո ազգային և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրներին, դրանց լուծման շուրջ քայլերի համադրմանը:

Տեսանյութեր

Լրահոս