«Գագիկ Ծառուկյանը կրկնապատկեց իր էլեկտորատը». Սոցիոլոգ
«Ընդգծվեց այն կարմիր գիծը, որը խորհուրդ չի տրվում խախտել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր ուժերին, քանի որ դա հղի է բավականին կանխատեսելի բացասական հետևանքներով, որի օրինակը մարտի 1-ի դեպքերն էին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Խոսելով այս գործընթացների դրական հետևանքների մասին՝ սոցիոլոգը նկատեց, թե հստակեցվեց, որ կան նպատակներ, որոնք գերակա են իշխանության գալու ցանկությունից՝ դրանք են ազգային համերաշխությունը, պետության անվտանգությունն ու հասարակական կյանքի նորմալ գործընթացները
Իսկ որպես բացասկան հետևանք Ա.Ադիբեկյանը նշեց՝ ԲՀԿ-ն, կարծես, պառակտման շեմին է կանգնած: Միաժամանակ նա նշեց, թե այս գործընթացներից ՀՀԿ-ն բավականին հաջող դուրս եկավ:
Նրա խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «ռեյտինգը հասավ 30 տոկոսի». «Նա երբեք 15-ից ավել չի ունեցել, այսինքն՝ այս պայքարում նա կրկնապատկեց իր էլեկտորատը: Ընդդիմության այն 10 տոկոսը, որը տատանվող է՝ Ծառուկյանին չհավատաց, ու եթե բոլորը միավորվեին, գուցե դա կլիներ 50 տոկոս և ավել, բայց դա տեղի չունեցավ: Ուրեմն՝ ընդդիմությունը մնում է պառակտված ընդդիմություն, իշխանությունը հնարավորություն ունի վերարտադրել իրեն հետագայում: Այսինքն՝ ամեն ինչ կմնա»:
Սոցիոլոգը նկատեց, որ փաստորեն այսօր ընդդիմությունը կորցրեց իր առաջնորդին, որը կարող էր միավորող գործոնի դերով հանդես գալ. «Թե հաջորդն ով կլինի՝ ինձ համար դեռ անհասկանլի է, ինչպես անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանից հետո ով կարող է լինել Հանրապետական կուսակցության նոր ղեկավարը, կամ նոր դեմքը, որը կառաջադրվի որպես երկրի նախագահ: Այսինքն՝ մենք ունենք քաղաքական դեմքերի պակաս»: