Մարդիկ չհասկացան, որ պարոն Ծառուկյանը հարմար չէ, քանի որ նույնիսկ նա է գնվում. Իսկանդարյան
«Քառյակ ու Եռյակ երբևէ գոյություն չի ունեցել և այն, ինչ տեղի ունեցավ ներքաղաքական կյանքում, կանխատեսելի էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը` վերլուծելով ներքաղաքական զարգացումները՝ նկատելով, թե այն, ինչ տեղի ունեցավ ներաղաքական դաշտում, սպասելի էր:
Իսկանդարյանի կարծիքով` հասարակության շրջանում կա արմատական, հեղափոխական հռետորաբանության լուրջ պահանջարկ, իսկ այդ պահանջարկին պատասխանում են քաղաքական գործիչները: Սակայն, քաղաքագետի համոզմամբ, գոյություն չունեն քաղաքական ուժեր, որոնք կարող են փոփոխություններ իրականացնել:
«Այս ամենի արդյունքն այն էր, ինչ տեղի ունեցավ ու դեռ կտեսնենք` ինչ տեղի կունենա ԲՀԿ-ում: Եթե այն դեռ դուրս չի նետվել քաղաքական դաշտից, ապա դիրքերը թուլացել են, ինչը, կրկնեմ, կարելի էր կանխատեսել, քանի որ ընտրություններից հետո արդեն ակնհայտ էր դարձել այս հեռանկարը: Ներքաղաքական կյանքում էլիտան կպահպանվի, սահմանադրական բարեփոխումները երևի թե կլինեն, քանի որ իշխանությունները չունեն խոչընդոտներ, որպեսզի իրականացնեն այդ բարեփոխումները և եթե այդպիսի ցանկություն լինի, դրանք կիրականացվեն»,- ասաց Իսկանդարյանը:
«Կովկաս» ինստիտուտի ղեկավարի կարծիքով, ոչ մի Եռյակ ու Քառյակ ընդհանրապես գոյություն չի ունեցել և գոյություն չի ունենալու, քանի որ այդ միավորումները կազմող ուժերը փորձում էին միավորվել իրավիճակի շուրջ, այսինքն` ինչ-որ հանրահավաքի, հայտարարության, ելույթի, իսկ որպեսզի գոյություն ունենա ինչ-որ միություն` բաղկացած քաղաքական ուժերից, պետք է ինչ-որ բան միավորի այդ ուժերին, այնինչ այս ուժերին ոչինչ չի միավորում: «Ոչ մի էական բան, բացի խոսքերից, ֆեյսբուքյան հրապարակումներից, հայտարարություններից, փոխադարձ մեղադրանքներից տեղի չի ունենում: Որևէ նոր բան չկա: Ինչպես նախկինում այս ուժերը չէին կարող ազդել իրական քաղաքականության վրա, այնպես էլ հիմա չեն ազդելու: Սա ընտրական ցիկլի հետևանքն էր, այլ ոչ թե Ծառուկյանի հայտարարության, որը եղավ երեկ: Ակնհայտ է, որ իշխանություններն ունեն Ծառուկյանի և նրա որոշման վրա ազդելու մեթոդներ, սա ակնհայտ չէ՞»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ փորձագետի, ուշագրավն այն է, որ հասարակությունն ակնկալում է հեղափոխական, ռադիկալ հռետորաբանություն: Իսկ քաղաքականությունը, նրա խոսքով, շուկա է, որտեղ, եթե կա պահանջարկ՝ կա առաջարկ, իսկ այդ պահանջարկն այնքան մեծ է, որ մարդիկ պատրաստ են լսել հակաօլիգարխիկ հռետորաբանություն օլիգարխի շուրթերից, մարդիկ պատրաստ են լսել աջակողմյան հռետորաբանություն բիզնեսմենի շուրթերից, մարդիկ պատրաստ են լսել ընդհանրապես բաժակաճառեր, որ ամեն ինչ լավ է լինելու, մարդիկ պատրաստ են ընդունել, որ ԲՀԿ-ն կգա իշխանության պայքարելու օլիգարխիայի դեմ, մարդիկ պատրաստ են ընդունել այն ամենն ինչ հնարավոր է, եթե կա դրանում արմատականություն:
«Իսկ ի՞նչ է արմատականությունը: Դա խնդիրների լուծման հեշտ ճանապարհն է, այսինքն` կփոխենք վատ տղաներին լավ տղաներով և ամեն ինչ լավ կլինի: Եթե նման պահանջարկ կա, ապա ժամանակ առ ժամանակ հայտնվելու են մարդիկ, որոնք խոսելու են այդպես: Պարոն Ծառուկյանը բացարձակապես հարմար չէ նման հռետորաբանության համար և նույնիսկ նա է գնվում է, նույնիսկ ես սկզբում Ծառուկյանին և Տեր-Պետրոսյանին նույն սենյակում չէի պատկեացնում, իսկ նման բան տեղի ունեցավ, քանի որ կա նման պահանջարկ: Իսկ եթե կա պահանջարկ, այս ամենը շարունակվելու է: Իշխանությունները պայքարում են ախտանիշների դեմ, նրանք չեն կարող պայքարել պատճառների դեմ, նրանք կարող են վերացնել այդ պատճառների նկատմամբ հասարակական արձագանքը: Հայտնվեց Ծառուկյանն իր այդ հայտարարությամբ և նրանք դա արեցին, իրենց համար դա հեշտ գործ է դա: Բայց չէ՞ որ սա ախտանիշն է, խնդիրը դրանում չէ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: