ԲՀԿ-ն խոստանում է «այնպիսի պայքար, որ քիչ չի թվա»

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ, փաստորեն, միջնորդների ջանքերն արդյունք են տվել, ու հաջողվել է բացատրել, թե որն է «այբը», որը` «բենը»: Ծառուկյանը վայր դրեց զենքերն ու հայտարարեց, թե ետ է կանգնում պատերազմի ուղուց, փետրվարի 20-ին համաժողովրդական շտապ հանրահավաքը չի կայանա:

«Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը, և առաջին հերթին` մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ»,- նշված է Գագիկ Ծառուկյանի ստորագրությամբ տարածված հաղորդագրության մեջ:

Չնայած խաղաղասիրական տոնայնությանը, ԲՀԿ նախագահի թիմակիցները շարունակում են պնդել` «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է Հայաստանում կյանքի որակի, կառավարման պատասխանատուների փոփոխություն պահանջող և այդ գործընթացը շարունակող քաղաքական ուժ մնալ: «168 Ժամի» հետ զրույցում ԲՀԿ խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն չի դադարեցնում պայքարը, որը կընթանա բոլոր հնարավոր, բոլոր օրինական ու բոլոր բարոյական մեթոդներով ու միջոցներով, անշուշտ, կլինեն նաև հանրահավաքներ, բայց այնպիսի հանրահավաքներ, որոնց արդյունքում հայ մարդ չի մահանա:

Չպարզաբանելով, թե ինչո՞ւ հանկարծ կորսվեց վճռականությունն ու ականջալուր եղան իշխանության արգելքներին, Տ.Ուրիխանյանը հայտարարեց, թե բառացիորեն հայտարարված ու սկիզբ առած քաղաքական ռեպրեսիաները խոսում էին բռնի ուժ կիրառելու` իշխանության պատրաստակամության մասին: Ի պատասխան մեր հարցին, որ, եթե նորից սպառնան, հանրահավաք կրկի՞ն չի լինի, ԲՀԿ խոսնակը հայտարարեց, որ հանրահավաք չի լինելու ճիշտ այնքան ժամանակ, որքան կարող է դրա արդյունքում զոհվել ազգությամբ հայ մարդ: Միաժամանակ նաև խոստացավ «այնպիսի պայքար, որ քիչ չի թվա»: Նա հերքեց տարածված լուրերը, թե Գ.Ծառուկյանը հրաժարվել է ԲՀԿ նախագահությունից ու վայր է դնում պատգամավորական մանդատը:
Ստացվում է, որ չարիքի ու չարիքի հանդիպումից նաև կարող է բարիք ծնվել: Բարիք` արյունահեղությունից խուսափելու տեսքով:

Սակայն պարզ չէ, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը համաձայնեց իր կողմից «որևէ զարգացման ուղղակի արգելակ» և «չարիք» բնորոշված քաղաքական դերակատարին թողնել քաղաքական դաշտում: Նաև պարզ չէ, թե անդադար հանրահավաքների, անհնազանդության կոչ անող ու խոսքը գործ հռչակած Գագիկ Ծառուկյանին ի՞նչը դրդեց հիշել ողջախոհության մասին:

Ուշագրավ է, որ եռյակի լիդերների կողմից ընդունված որոշումը` փետրվարի 20-ին շտապ հանրահավաք անցկացնելու մասին, ԲՀԿ-ն միակողմանի «լուծեց»` առանց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ խորհրդակցելու: ՀԱԿ-ականներն ամբողջ օրն անհասանելի էին և միայն երեկոյան արձագանքեցին իրենց գործընկերոջ քայլին:
«Փետրվարի 20-ին համազգային հանրահավաք անցկացնելու որոշման մասին հայտարարելուց հետո, իշխանությունները հանրահավաքը տապալելու նպատակով Համաժողովրդական շարժման դեմ սանձազերծեցին մի ամբողջ ահաբեկչական արշավ` բռնաճնշումների և սպառնալիքների հիմնական թիրախ դարձնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

… Հայ Ազգային Կոնգրեսն ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով»,- ասված է ՀԱԿ հաղորդագրությունում: Իսկ որպես մխիթարանք` ՀԱԿ-ը հիշեցրել է` մարտի 1-ին, ժամը 15։00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքն ի գիտություն է ընդունվել Երևանի քաղաքապետարանի կողմից:

Այս նոր իրողությունում ամենածանր վիճակում, թերևս, «Ժառանգություն» կուսակցությունն է հայտնվել: Ի՞նչ անել` շարունակե՞լ դերակատար մնալ «Եռյակ» կոչված թատրոնում, թե՞ դուրս գալ դրանից: Իսկ եթե դուրս գալ, ապա ի՞նչ անել: Այս դժվարին հարցին «Ժառանգությունը» կփորձի պատասխանել այսօր երեկոյան կայանալիք նիստի ընթացքում: Մինչ այդ, երեկ հրավիրված ասուլիսում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «հիասթափությունների այս աշխարհում մի փոքր նորից հիասթափեցրեց» լրագրողներին: Նա ընթերցեց միայն հանրային ուղերձն ու հեռացավ: Հարցերին խոստացավ պատասխանել ուրբաթ օրը ժամը 16:00-ին` Ազատության հրապարակում` անկախ ԲՀԿ-ի որոշումից: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» հանրահավա՞ք է անելու, Ր.Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես կլինեմ, բացակա չդնեք»:

ԲՀԿ-ՀՀԿ սիրախաղի նախաշեմին շշմեցուցիչ էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը: Թեև առերևույթ նամակի շարժառիթը «100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրն» է, պարզ է, որ դրա խորհուրդը միանշանակ չէ: Չի բացառվում, որ սրանով ՀՀ առաջին նախագահն ազդակ է հղում նաև արտաքին ուժերին:

Բացի իր մտահոգություններն արտահայտելուց` Լ.Տեր-Պետրոսյանը նամակում նաև հանդես է եկել գործնական առաջարկով` «Ձեր նախընտրած ժամկետներում և պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ` այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով»։ Սակայն նաև հավելել է` «ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»:

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը «168 Ժամի» հարցմանն ի պատասխան` տեղեկացրել է, որ Հանրապետության Նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին, և համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի: Թե ի՞նչ ձևաչափով և ե՞րբ կլինի այդ հանդիպումը, առայժմ պարզ չէ:

Տեսանյութեր

Լրահոս