Ինքնասպանություն գործած գործարարը նամակ էր թողել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ինքնասպան եղած «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իրեն կրակելուց առաջ նամակ է գրել և հանձնել իր տան աշխատակիցներին՝ խնդրելով, որ այն անպայման փոխանցեն իր հարազատներին կամ փաստաբանին։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ին սահմաններում, «Նոր Հաճըն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի Պարգևաշեն թաղամասում, տանը՝ սենյակում, մահացած մարդ կա, զենքը՝ կողքին։

Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիրխանյանը, ով «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճըն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն էր գործել ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով։

Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ։ Ավելին՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաև 1 հատ գնդակ։

Ինքնասպան եղածի գրությունը

Եվ այսպես՝ «ժողովուրդ»-ին գործարարի ինքնասպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Իրեն կրակելուց առաջ գործարարը մի նամակ է գրել և դրել ծրարի մեջ։ Ավելի ուշ, մինչ իր ննջասենյակ բարձրանալը, ծրարը փոխանցել է իր տան աշխատակիցներին և խնդրել է, որ այն իր չլինելու դեպքում հանձնեն բարեկամներին կամ փաստաբանին։

Ըստ երևույթին, գործարար Համլետ Ամիրխանյանի հարազատները չեն պատկերացրել, թե ինչ նամակի մասին է խոսքը կամ, առհասարակ, ինչ նկատի ուներ գործարարը՝ ասելով «իմ չլինելու դեպքում»։ Այս ամենից հետո, ուշ երեկոյան, տանը հնչել է մեկ կրակոցի ձայն, որից հետո գործարարին գտել են ինքնասպան եղած։

«Ժողովուրդը» պարզեց, որ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքրոջ՝ Նաիրա Շահգելդյանի ամուսինն էր։ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում տիկին Նաիրան հուզվեց և չկարողացավ խոսել իր ամուսնու հետ կատարվածի մասին։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ են, որ գործարարը նամակ է թողել, Նաիրա Շահգելդյանի մտերիմը պատասխանեց.

«Այդ ծրարը ոչ մեկ չի տեսել ու անգամ բովանդակությունը չգիտենք, եթե նման ծրար կա, որի մեջ էլ նամակ է եղել, ուրեմն դա ոստիկանության մոտ է, իրենք են ամեն ինչ առգրավել»։

Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ գործարարն իր թողած նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական տարրեր և արգելել են իրեն որևէ գործողություն իրականացնել։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյաներ են գործարարի մահվան պատճառը դարձել, և կոնկրետ որ գործարարների անունն է տվել Համլետ Ամիրխանյանը, դեռևս պարզ չէ։

Ավելի մանրմասն՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս