Մարգար Օհանյան. «Ես ոչ մի առնչություն չունեմ՝ ո՛չ մենշևիկի, ո՛չ բոլշևիկի, ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ մեկի հետ». «Ժողովուրդ»
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ճանպարհային ոստիկանության նախկին պետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված և համաներմամբ ազատված Մարգար Օհանյանը վերջին ժամանակահատվածում ոչ ֆորմալ, բայց ղե ֆակտո «համալրել էր» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը։ ԲՀԿ-ի ընդդիմադիր «դառնալուց» և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց հետո Օհանյանը հույս ուներ, որ շուտով իշխանությունը ԲՀԿ-ն կվերցնի, և ինքն էլ կկարողանա վերադարձնել իր կորցրած նախկին դիրքը։
Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նահանջի քայլը հիասթափեցրել է նաև ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին, որին «ժողովուրդ»–ը մի քանի հարցեր է ուղղել։
-Պարոն Օհանյան, մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք արդեն տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «ճամբարում» եք։ Գ. Ծառուկյանը Ձեզ և՞ս հիասթափեցրեց իր վերջին հայտարարությամբ, որը նշանակում էր, թե ինքը Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս չի գալու։
-Դուք զբաղվեք Ձեր գործով, ես իմ ընտանիքի կողքին եմ, Դուք էլ զբաղվեք Ձեր գործով։ Եթե ես որևիցե տեղում լինեմ, բոլորն անմիջապես կտեսնեն։ Ով որ ասել է, իրենց ասածներն էլ գրեք։
-Այսինքն՝ Դուք որևէ առնչություն չունե՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։
-Ես որևիցե մեկի հետ առնչություն չունեմ, ո՛չ մեկի հետ, ո՛չ մի կուսակցության հետ ես ոչ մի առնչություն չունեմ՝ ո՛չ մենշևիկի, ո՛չ բոլշևիկի, ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ մեկի հետ։
-Իսկ Գագիկ Ծառուկյանը Ձեր մտերիմ ընկերը չէ՞, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք վերջին ժամանակահատվածում շատ հաճախ եք հանդիպումներ ունենում նրա հետ։
-Էս հանրապետությունում, քաղաքում ինձ շատ մտերիմ ընկերներ ունեմ, այդ թվում նաև՝ պարոն Ծառուկյանը։ Ես բազմաթիվ մոտիկ ընկերներ ունեմ ու ոչ մի ընկերոջ ես կուսակցական պատկանելիությամբ չեմ նայում, որովհետև ես 33 տարի աշխատել եմ, 57 տարի ապրել եմ ու սկսած մանկապարտեզից, բանակից, դպրոցից ընկերներ ունեմ ու նաև աշխատանքային ընկերներ, այնպես որ, ես ընդհանրապես քաղաքականության մեջ չկամ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։