ԱՄՆ-ը որոշել է վերադառնալ Հարավային Կովկաս, այդ թվում՝ Հայաստան. Ստեփան Գրիգորյան

«Միացյալ Նահանգները որոշել է ուղղել Օբամայի վարչակարգի սխալները»,- 168.am-ի հետ զրույցում  այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի՝ Հարավային Կովկաս կատարած այցին:

Նա նշեց, որ Նուլանդի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան, ճիշտ չի լինի որակել՝ որպես հերթական այց, քանի որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները` նախագահներ, պետքարտուղարներ, ժամանել են Վրաստան տարբեր առիթների դեպքում, այնինչ Հայաստան նման այցեր  չափազանց քիչ են եղել: Ուստի, նրա գնահատմամբ, այցը կարևոր էր:  Վերլուծաբանը նշեց, որ  վերջին տարիներին ԱՄՆ-ը բավական պասիվ է  եղել ոչ միայն՝ Հարավային Կովկասում, այլև այլ տարածաշրջաններում:

«Ներկայում, որքան հասկանում եմ, ԱՄՆ-ը ցանկանում է ավելի ակտիվ մասնակցել, ավելի մեծ դերակատարություն ունենալ տարբեր տարածաշրջանների քաղաքականություններում:  Այս այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը ցանկանում է ակտիվացնել իր քաղաքականությունը նաև Հարավային Կովկասում,  քանի որ Օբամայի քաղաքականությունը հատկապես չափազանց պասիվ է եղել, որի վառ օրինակը զորքերի դուրսբերումն է Իրաքից, Աֆղանստանից:

Կյանքը  ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի նման գերհզոր երկիրը չի կարող անտարբեր լինել այլ ռեգիոնների նկատմամբ, ու այս այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը տարածաշրջան է վերադառնում ավելի ակտիվ դիրքորոշմամբ: Գլխավոր նպատակը, ուստիև եզրակացությունը դա է»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

Վերջինիս կարծիքով, Հայաստանում  Նուլանդի քննարկած թեմաները ստիպում են մտածել, որ ԱՄՆ-ը բարձրացնելու է  իր  հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ: Անդրադառնալով Արցախում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու Նուլանդի կոչին` Գրիգորյանն ասաց, որ չպետք է այդ կոչը բացասաբար ընկալել, քանի որ դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է:

«Ընդունված է, երբ այս կամ այն պատերազմի վիճակում գտնվող  երկրները վերադարձնում են ռազմագերիներին, պատանդներին, դիվերսանտներին, քանի որ, եթե նրանք դիվերսանտ են, հավանական է, որ նրանք  զինվորական են: Նույնիսկ, եթե մենք դատական կարգով   ապացուցել ենք, որ հանցագործություն է կատարվել, մենք պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, իսկ պատերազմի ընթացքում աշխատում են հենց պատերազմական օրենքները: Օրինակ` Ուկրաինա-Ռուսաստան առճակատման դեպքում այն մարդկանց, ովքեր գերի են ընկել, վերադարձնում են, գերիների փոխանակման գործընթաց է գնում, նրբություններ կան, բնականաբար, բայց այս կոչը ոչ մի վատ բան չի ենթադրում:

Նույնը, եթե հիշում եք, տեղի էր ունենում, երբ Ադրբեջանի ձեռքն ընկնում էին մեր զինվորականները, Կարմիր Խաչը դիմում էր, որ նրանց բաց թողնեն, և այլ երկրների կողմից կոչեր էին ուղղվում: Դա ընդունված պրակտիկա է»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

Ավելին, նա կարծում է, որ կոչը կարելի է օգտագործել ի շահ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: «Համարում եմ, որ բաց թողնելով դիվերսանտներին, հայկական կողմերը կարող են  ստանալ քաղաքական դիվիդենտներ: Չէ՞ որ նման քայլով հայկական կողմերը ցույց կտան, որ հարգում են միջազգային խաղի կանոնները և ռազմական  իրավունքը: Ի վերջո, ԱՄՆ փոխպետքարտուղարը դիմում է Հայաստանին՝ ազատ արձակելու խնդրանքով: Կարելի է դա օգտագործել ի օգուտ մեզ»,- ասաց Գրիգորյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս