Նելիկ Հարությունյանը դարձյալ հայտ է ներկայացրել

Փետրվարի 17-ի դրությամբ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 15 անձ: Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 16-ի դրությամբ հայտ ներկայացված անձանց թիվը 9-ն էր. փետրվարի 17-ի դրությամբ հայտ են ներկայացրել նաև Էդուրարդ Մկրտչյանը, Դավիթ Հակոբյանը, Աննա Մարգարյանը, 2008թ. հունվարից մինչ այժմ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, Հայկանուշ Պարսամյանը, Նելիկ Հարությունյանը:

Վերջինս, ինչպես հայտնի է, ընդգրկված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, որը որոշվել էր առաջին մրցույթի արդյունքում և ներկայացրել նախագահին: Հետագայում, սակայն, նախագահի այս հրամանագիրն ուժը կորցրած էր ճանաչվել, ինչի առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ արդարադատության նախարությունը նշել էր, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խումբը երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են ՄԻԵԴ դատավորին ներկայացվող պահանջներին:

«Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ հիշյալ թեկնածուն Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից»,- նշված էր հաղորդագրության մեջ: Նշենք, որ Նելիկ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետն է:

Տեսանյութեր

Լրահոս