Ողջունում եմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, անդրադառնալով վերջին օրվա քաղաքական զարգացումներին` նշում է, որ հնարավոր եղավ շրջանցել մի ծայրահեղ վիճակ, որ երկիրը տանելու էր դեպի անկայունության և առճակատուների:
Հ. Տիգրանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ողջունում է ծայրահեղությունը շրջանցելու առթիվ ստեղծված հնարավորությունը և բարձր է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը և երկխոսության ճանապարհով հարցերին լուծում տալու նրանց մոտեցումը:
«Սա առողջ քայլ էր, որ կատարվեց երկուստեք: Նրանք երկուսն էլ իրենց մեջ քաղաքական ուժ և կամք գտան՝ դեմ առ դեմ հանդիպելու և երկրում ստեղծված լարվածությանը վերջ տալու»,-ասաց նա:
Պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին վերաբերող հարցին՝ ՍԴՀԿ ԿՎ ատենապետն ասաց. «Վերապահումներ ունենալով նամակի բովանդակությանը և նրանում արտահայտված որոշ մտքերի հանդեպ, ողջունում եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու իր առաջարկը և հուսով եմ դրական ընթացք կտրվի»:
Ըստ Հակոբ Տիգրանյանի, Հայաստանի քաղաքական կյանքը մտել է նոր փուլ: «Անհրաժեշտություն է դարձել Հայաստանի քաղաքական դաշտի ձևավորումը՝ գաղափարական հիմքերի վրա: Հրատապ են դարձել Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ընդ որում, անցումը՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Իբրև Հայաստանում գործունեություն ծավալող քաղաքական գործիչ, իմ մեջ արթնացել է երկրում համակարգային փոփոխությունների հույսը,-ասաց հայ ավանդական կուսակցություններից մեկի ղեկավարը