
ԱՄՆ-ի համար կարևոր է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը շարունակվի. ԱՄՆ փոխպետքարտուղար

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բոլոր կողմերի համար կարևոր է շարունակում մնալ»,- Երևանի ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից ետ կանչելու մասին որոշմանը:
Նա նշեց, որ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները բոլոր հարևանների հետ իր Կովկասյան այցի շրջանակում: Ըստ նրա՝ ամերիկյան տեսանկյունից հավատացած են, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը շարունակում է կարևոր մնալ երկու երկրների համար, տարածաշրջանի, տարածաշրջանային խաղաղության և կայունույան համար, ուստի ԱՄՆ-ն խթանելու է դրան ուղղված ջանքերը:
«Կարևոր է նկատել, որ ՀՀ-ն դուրս չի եկել գործընթացից և կարևոր է մեզ համար, որ գործընթացը կարող է շարունակվել»,- հստակեցրեց ԱՄն փոխպետքարտուղարը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ բավականին հուզիչ պահ էր իր համար Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: «Ես անձամբ առիթ չէի ունեցել այնտեղ լինել և սա կարևոր մասն էր իմ այսօրվա այցի»,- ասաց Նուլանդը: