Ցանկության դեպքում 2012 թվականին Վրաստանում կարող էի իրականացնել պետական հեղաշրջում. Սաակաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահեցնում է, որ եթե ցանկանար երկրում իրականացնել պետական հեղաշրջում, ապա դա արած կլիներ 2012 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ տարավ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքը:
Սաակաշվիլին հիշեցրել է, որ 2012 թվականի ընտրություններից առաջ ողջ իշխանությունը եղել է իրենց ձեռքում, իսկ ընտրություններից հետո իրենք խաղաղ հեռացել են՝ հանձնելով իշխանությունը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ հեռանալիս իր կառավարությունը նոր կառավարությանը թողել է մի քանի միլիարդ դոլարով բյուջե, որը նրանք (նոր կառավարությունը) հետագայում ծախսել են տարբեր հիմարությունների վրա:
Սաակաշվիլին հավելել է, որ պատրանքներ չի տածում, թե ներկայումս իշխող «Վրացական երազանք» դաշինքը պատրաստ է իշխանության խաղաղ հանձնմանը. «Բայց քանի որ նրանք իշխանության են եկել ընտրությունների ճանապարհով, ուստիև կհեռանան էլ ընտրությունների ճանապարհով, որովհետև մենք մեր ժամանակին ստեղծել ենք նախադեպ, որ Վրաստանում իշխանությունը փոխվում է ընտրությունների ճանապարհով»:
Սաակաշվիլին հերթական անգամ խստապես քննադատել է Բիձինա Իվանիշվիլուն՝ ընդգծելով, որ իրենք գտնվում են զարգացման տարբեր մակարդակների վրա. «Ինչ էլ որ լինի, վրաց ժողովուրդը պատմական վճռորոշ պահերին կարողանում է համախմբվել, ինչպես որ դա եղավ 2003 և 2008 թվականներին, երբ միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոցներ»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Սաակաշվիլին հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է իր համակիրների հետ վերադառնալ Վրաստան ու հաղթել 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում: Սաակաշվիլին այդ կերպ հերքել էր, թե մտադիր է ներկայումս իշխանության վերադառնալ պետական հեղաշրջման ճանապարհով: