Բաժիններ՝

Հոգեբանը՝ արտագաղթի պատճառների մասին. «Եթե չես կարողանում ընտանիքդ պահել, հո՞ չես մեռնելու՝ թեկուզ հայրենիքում»

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հասարակությունը հիմա հուսահատ վիճակում, Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառները ո՞րոնք են, հոգեբան Ալբերտ Նալչաջյանը պատասխանեց. «Որպես հոգեբան՝ առաջին կետը կնշեմ՝ արդարության բացակայությունը, կամ արդարությանը հասնելու շատ փոքր հնարավորությունը մարդկանց համար, այսինքն՝ Հայաստանում արդարությունը ապահոված չէ, մարդկանց իրավունքները պաշտպանված չեն: Երկրորդ պատճառը՝ չեն կարողանում ընտանիքը պահել. եթե չես կարողանում ընտանիքդ պահել, հո՞ չես մեռնելու՝ թեկուզ հայրենիքում, գոնե ընտանիքի մի մասը պետք է գնա դուրս աշխատի, բերի, բայց, ցավոք, գնացածների մի մասը մնում է, չի վերադառնում. Հայաստանը աղքատանում է, ընդ որում՝ գնում են ակտիվ մարդիկ, աշխատելու ընդունակ մարդիկ: Երրորդը՝ այդ տագնապն է, որը կա Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ արդյոք այստեղ հայ ժողովուրդը պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ: Կան մարդիկ, ես զրուցել եմ շատերի հետ, որոնք գտնում են՝ սպառնալիքը շատ մեծ է, և մենք էլ այդ պատրաստությունը չունենք»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս հաղթահարել այս դժվարությունները, հոգեբանը պատասխանեց. «Պետք է սիստեմավորված աշխատանք կատարել մարդկանց հետ, եթե աշխատատեղեր ստեղծվեն, եթե մարդկանց հետ, որոնք հեռանում են Հայաստանից, խոսեն, պարզեն, միգուցե չհեռանան: Գիտեք՝ մարդիկ հեռանում են, ու ոչ ոք չի հետաքրքրվում ո՞վ են, ո՞ւր են գնում, ինչո՞ւ են գնում, այդպես չի կարելի. մեր համաքաղաքացիներն են: Ստեղծեք հանձնաժողովներ, թող զրուցեն նրանց հետ, գուցե կան հարցեր, որոնք հենց տեղում կարելի է լուծել: Եթե, օրինակ, ինձ հրավիրեին նման հանձնաժողովի, չէի մերժի, կգնայի, ժամանակը շատ սուղ է, բայց կգնայի, կասեի, կհամոզեի, կհարցնեի՝ ի՞նչ խնդիր ունեք, կարո՞ղ եմ ես պետության հետ միասին այդ խնդիրը լուծել, որ դուք չգնաք օտարության մեջ ապրեք, որովհետև այնտեղ էլ հեշտ չէ կյանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս