Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է պատժամիջոցներ սահմանել Արևմուտքի նկատմամբ. Խամենեի
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե անգամ Իրանն ընդունի իր միջուկային ծրագրի վերաբերյալ Արևմուտքի պայմանները, ապա միևնույն է՝ Արևմուտքը չի վերացնի սահմանած պատժամիջոցները.
«Արևմուտքը դեմ է Իսլամական հեղափոխության սկզբունքներին: Ես վստահ եմ, որ պատժամիջոցները կպահպանվեն, անգամ եթե Իրանը գործի նրանց թելադրանքով: Իրանն ունակ է դիմակայել պատժամիջոցներին ու փչացնել թշնամիների պլանները:
Հակառակ դեպքում թշնամին կշարունակվի մեր միջուկային ծրագրի հարցում հենվել պատժամիջոցների վրա: Նրանք պատժամիջոցներն օգտագործում են Իրանի աճը կանգնեցնելու համար: Իրանն ունի նավթի ու գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին ու մնացյալ աշխարհին:
Իրանն ինքը կարող է պատժամիջոցներ սահմանել Արևմուտքի նկատմամբ, եթե դա համարի անհրաժեշտ: Իրանը պետք է կրճատի նավթային եկամուտներից բյուջեի կախվածությունը: Բյուջեն պետք է հենվի ներքին արտադրության ու հարկային մուտքերի վրա»: