«Եթե Գագիկ Ծառուկյանը նման քաղաքականություն է որդեգրել, ուրեմն չի ցանկանում ժողովրդին հանկարծակի ավելի ծանր իրավիճակների մեջ գցել». Բոստանջյան

«Եթե հասկանային, որ ՀՀ-ի համար ավելի դժվար իրավիճակներ են գալու, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն զերծ կմնային վիրավորանքներ պարունակող հռետորաբանությունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությանը:

Հարցին, թե սա կարելի՞ է որակել որպես նահանջ քաղաքական պայքարի այն գծից, որը որդեգրել էր ԲՀԿ-ն վերջին ամիսներին, Վ. Բոստանջյանը պատասխանեց, որ հակված չէ նման իրավիճակները նման կտրուկ բառերով որակելուն:  Բոստանջյանի համոզմամբ` ՀՀԿ, ԲՀԿ գործիչները տիրապետում են իրավիճակին և, բնականաբար,  գիտեն, թե իրավիճակի բոլոր պլյուսների և մինուսների մասին, ուստի եթե  նման քաղաքականություն է որդեգրվել, ուրեմն կա ցանկություն մեր երկիրը, մեր ժողովրդին հանկարծակի ավելի ծանր  իրավիճակների մեջ չգցել:

«Եթե  հետապնդվում է նման նպատակ, դրա իրագործումը մենք իրավունք չունենք անվանելու նահանջ: Անհարկի հռետորաբանությունը, որն իր մեջ վիրավորական շեշտադրումներ էր պարունակում, պարզապես պետք է չլիներ: Ես, որպես քաղաքացի, մտածում եմ, որ մենք ունեինք հնարավորություն ծանրութեթև անելու նախապես: Եթե հասկանայինք, որ մեր հանրապետության համար ավելի դժվար իրավիճակների ենք հանդիպելու, զերծ կմնայինք այդ հռետորաբանությունից, ինչպես մի կողմից, այնպես էլ մյուս կողմից»,- ասաց Բոստանջյանը:

 

Անդրադառնալով գնահատականներին, թե ԲՀԿ-ն գնաց ՕԵԿ-ի ուղով և հեղինակազրկվեց` Վ. Բոստանջյանն ասաց, որ ծայրահեղական չէ մինչև անգամ ՕԵԿ-ին  գնահատելու հարցում: «Ես մտածում եմ, որ այնուհանդերձ հարկավոր է հանդուրժողական լինել և չնետվել սուբյեկտիվ գնահատականների դաշտ»,- ասաց Բոստանջյանը:

Տեսանյութեր

Լրահոս