Ի՞նչ են խոսել Սարգսյանն ու Ծառուկյանը, ի՞նչ նախապայմաններ են դրվել Ծառուկյանի առջև

ՀՀԿ ու ԲՀԿ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո ստեղված նոր իրավիճակն ապշեցրել է հանրությանը: Իսկ Գագիկ Ծառուկյանի անունից տարածված հայտարարությունն է՛լ ավելի է բազմապատկում ի հայտ եկած հարցերը՝ դրանց պատասխանելու փոխարեն: Ի՞նչ են խոսել Սարգսյանն ու Ծառուկյանը, ի՞նչ նախապայմաններ են դրվել Ծառուկյանի առջև, որ նա ընկրկել է: Այս հարցերին գոնե մասամբ պատասխան ստանալու ակնկալիքով 168.am-ը դիմեց ԲՀԿ խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին:

– Պարոն Ուրիխանյան, ի՞նչ է կատարվում, ի՞նչ պայմաններ են առաջադրվել Գագիկ Ծառուկյանին:

– Միակ, գերակա, ամենաէական, որոշիչ և իրատեսական վերլուծությունների արդյունքում հավանական թվացող հանգամանքը արյունահեղություն թույլ չտալն է:

– Նախքան սա, երբ պարոն Ծառուկյանն իր ծրագրային ելույթում «չարիք» անվանեց գործող իշխանություններին և կտրուկ էր դիրքորոշումը, չէր երևո՞ւմ, որ հնարավոր է արյունահեղություն լինի:

Կարդացեք նաև

– Երևում էր:

– Ինչո՞ւ հիմա միանգամից դիրքորոշումը փոխվեց:

– Արդեն պատասխանեցի:

– Լուրեր են շրջանառվում, որ պարոն Ծառուկյանը ԲՀԿ նախագահությունից հրաժարվել է:

– Ոչ, ոչ:

– Շարունակելո՞ւ է ղեկավարել կուսակցությունը:

– Այո:

– Իսկ պատգամավորական մանդատի՞ հարցը:

– Սուտ է, սուտ է:

– Շարունակո՞ւմ է մնալ որպես պատգամավոր:

– Այո:

– Ուրիշ ի՞նչ է սպասվում, պարոն Ուրիխանյան:

– Եթե ոմանք պատրաստ են նույնիսկ մարդկանց արյուն թափելով սեփական քաղաքական շահերը շարունակել հետապնդել, իշխանություն պահպանել, ապա կան մարդիկ, որոնք պատրաստ չեն ամեն ինչի վրայով հանուն իշխանության անցնելու: Ես կարծում եմ, դա պիտի լինի գնահատականի արժանի իրողություն:

– Այսպիով ԲՀԿ-ն դադարեցնո՞ւմ է պայքարը «չարիք» կոչված իշխանության դեմ:

– Ամենևին ոչ: Այնպիսի պայքար է լինելու, որ քիչ չի թվա:

– Ի՞նչ մեխանիզմով եք շարունակելու:

– Բոլոր հնարավոր, բոլոր օրինական ու բոլոր բարոյական մեթոդներով ու միջոցներով:

Անշուշտ կլինեն նաև հանրահավաքներ, բայց այնպիսի հանրահավաքներ, որոնց արդյունքում հայ մարդ չի մահանա:

– Հստակ սպասվում էր, որ փետրվարի 20-ին իրադրությունը կսրվի ու կլինեն բախումնե՞ր:

– Դե գիտեք ամսի 20-ի հետ կապված իշխանությունը բառացիորեն արգելեց հանրահավաքն անցկացնել…

– Բայց ընդդիմությունը ե՞րբ էր ականջալուր եղել իշխանության արգելքներին: 

– … ինչով իրեն, ըստ էության, վերապահեց նաև բռնի ուժ կիրառել: Դրան ի պատասխան մենք ունենք նաև մարտավարական այլ քայլեր: Առաջիկայում դրանք տեղի կունենան:

– Քաղաքապետարանի հայտարարության մեջ բռնի ուժի մասին խոսք չկար: Բռնի ուժի մասին կուլիսներո՞ւմ է խոսվել:

–  Ոչ, բառացիորեն հայտարարված ու սկիզբ առած քաղաքական ռեպրեսիաները խոսում էին հենց դրա մասին:

– Իսկ հետագայում ի՞նչ երաշխիք, որ այդ ռեպրեսիաները չեն լինի:

– Չկա երաշխիք: Ճիշտ դիտարկում եք անում:

– Այսինքն, եթե նորից սպառնան, հանրահավաք նորի՞ց չի լինի:

– Հանրահավաք չի լինելու ճիշտ այնքան, ինչքան կարող է դրա արդյունքում զոհվել ազգությամբ հայ մարդ:

– «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է այլընտրանք մնա՞լ, թե՞ անցել է ընդդիմադիր դաշտ…

– «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է Հայաստանում կյանքի որակի փոփոխություն, կառավարման պատասխանատուների փոփոխություն պահանջող և այդ գործընթացը շարունակող քաղաքկան ուժ մնալ:

– Ըստ Ձեզ՝ նման հանդիպումներից հետո ժողովուրդը մանրամաասներին ծանոթ չէ…

– Ի՞նչ հանդիպման մասին է խոսքը:

– Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման:

– Ինձ հայտնի չէ նման տեղեկություն:

– Ինչպե՞ս, այդ հանդիպումը չե՞ք հաստատում, որ կայացել է:

– Ինձ հայտնի չէ նման տեղեկություն:

– Երեկվանից և ամբողջ գիշեր բանակցություններ չե՞ն ընթացել…

– Երրորդ անգամ եմ ասում՝ ինձ հայտնի չէ նման տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս