![](/banners/BeFunky-design.jpg)
Կարսի Քարաքալե գյուղի բնակիչները Քիմ Քարդաշյանին կոչ են արել ներդրումներ անել իր պապերի գյուղում
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/00.jpg)
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ օրեր առաջ բրիտանական Daily Mail պարբերականի կողմից հրապարակած այն տեղեկությունը, թե հայկական արմատներով հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարսեցի է, լայն արձագանք է ստացել կարսեցիների շրջանում:
Դրա համաձայն՝ Քիմ Քարդաշյանի մեծ պապ Թաթոս Քարդաշյանի ընտանիքը Ռուսաստանից ներկայիս Կարսի նահանգի Քարաքալե գյուղ է եկել 1887 թվականին և 1913 թվականին այստեղից Գերմանիայի տարածքով գաղթել է դեպի Ամերիկա: Ներկայումս Քարաքալեն ունի 50 տուն, ուր ապրում է 500 մարդ: Գյուղի բնակիչներն այժմ Քարդաշյանին կոչ են անում գալ և տեսնել իր պապերի գյուղը:
Բացի այդ, գյուղաբնակները Քարդաշյանին կոչ են արել ներդրումներ անել գյուղում, գյուղում կառուցել դպրոց, որը կանվանակոչվի իր անունով: Ընդգծվում է, որ գյուղացիների եկամտի կարևոր աղբյուրը պանրի ու կաթի արտադրությունն է, և որ գյուղի պանիրը հայտնի է Kars Kaşarı (KK, kaşar` թարգմանաբար ոչխարի պանիր) անվանմամբ: Գյուղացիները պատրաստ են Քիմ Քարդաշյանի պատվին անգամ անվանափոխել գյուղի պանրի անունը՝ Kars Kardashian (վերստին՝ KK):