«Եթե չլիներ Կրեմլի միջնորդությունը, Սարգսյան-Ծառուկյան հակամարտությունը սուր փուլ էր թևակոխելու, որը ձեռնտու չէր ՌԴ-ին». Էդգար Վարդանյան

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վա բանկ գնաց և կարողացավ ժամանակավորապես խնդիրը լուծել»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ի «նահանջի» պատճառները:

Նա նշեց, որ իսկապես լուրջ հակամարտություն կար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմերի միջև, որը վերաբերում էր իշխանության` հատկապես իշխանական ռեսուրսների, տնօրինմանը: Փորձագետի կարծիքով` Գագիկ Ծառուկյանը և նրա մերձավորները եկել էին եզրակացության, որ կա վտանգ` Սերժ Սարգսյանը՝ իր թիմով հանդերձ, մենաշնորհ կհաստատի ՀՀ տնտեսական և քաղաքական ոլորտների նկատմամբ, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն քիչ-քիչ կսկսի զրկվել իր ռեսուրսներից: Իսկ այս գործընթացի դեմ, նրա խոսքով, պայքարելու միակ տարբերակը հրապարակային դաշտում, այսինքն` հռետորաբանությամբ, ճնշում բանեցնելն էր Սարգսյանի թիմի նկատմամբ, որպեսզի նման բան տեղի չունենա:

«Սերժ Սարգսյանն ու իր թիմը, տեսնելով, որ բավական լուրջ տրամադրվածություն կա հակառակորդի մոտ, փաստացի դիմեց մի աննախադեպ քայլի, որի արդյունքները, անկեղծ ասած, մենք դեռ կտեսնենք, որովհետև սա անհետևանք չի կարող լինել: Սարգսյանը փորձեց ամբողջապես չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավորների թիմը: Սակայն ակնհայտ է մեկ բան, որ, եթե երրորդ կողմի միջամտությունը չլիներ, այս հակամարտությունն իսկապես կարող էր հանգեցնել անհասկանալի, միևնույն ժամանակ՝ լուրջ բախումների: Հարցն այն է, որ երկու սուբյեկտներն էլ տեղավորվում են ՀՀ քաղաքական համակարգի շրջանակներում, իսկ այդ  քաղաքական ռեժիմը ենթադրում է մեծապես կախվածություն Կրեմլից, իսկ բախումներ, որոնք կարող են հանգեցնել նաև նրան, որ հանրությունը մասնակից լինի այդ բողոքին և դերակատար դառնա, Կրեմլին որևէ կերպ ձենտու չէր, քանի որ Հայաստանում կարող էր անվերահսկելի իրավիճակ ստեղծվել Ռուսաստանի համար:

Այսինքն` ինքնաբերաբար այդ երկու օլիգարխիկ խմբավորումների բախումը կարող էր ստեղծել նպաստավոր պայմաններ երկրում իսկապես քաղաքական ռեժիմի բնույթը փոխելու համար, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Կրեմլին, քանի որ Կրեմլն ամեն ինչ անում է, որպեսզի մայդաններ չլինեն, որպեսզի չլինեն ժողովրդի հուժկու բողոքներ, որոնք բերում են քաղաքական ռեժիմի բնույթի փոփոխության, որն իր հերթին՝ տվյալ երկրում` ՌԴ դերակատարության նվազման»,- պարզաբանեց Էդգար Վարդանյանը` շարունակելով, թե Կրեմլը, տեսնելով, որ իրավիճակը շիկանում է, քաղաքական խմբավորումները, որոնք ունեն լուրջ տնտեսական, քաղաքական լծակներ, ռեսուրսներ, չեն կարողանում կիսել, միջամտեց և գոնե ժամանակավորապես կասեցրեց հակամարտության` շատ ավելի սուր փուլ մտնելու հեռանկարը:

Կարդացեք նաև

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը նաև գտնում է, որ Կրեմլի կարողությունները ևս անսահմանափակ չեն, քանի որ ներկայումս Կրեմլը գտնվում է ծանր դրության մեջ, ունի չլուծված խնդիրներ, մեծ հակամարտության մեջ է Արևմուտքի հետ, և նաև դրանով է պայմանավորված, որ մինչ այժմ լուրջ միջամտություն չէր ցուցաբերում հայաստանյան ներքաղաքական կյանքին:

«Երբ տեսավ, որ կարող է իսկապես իր համար ոչ ցանկալի արդյունքների բերել, կարծում եմ` միջամտեց և Սերժ Սարգյանի թիմը, որն այսպիսի կտրուկ աննախադեպ հարձակման ենթարկեց ԲՀԿ-ին, հատկապես՝ Գագիկ Ծառուկյանին, հույս ուներ հարցի հենց այսպիսի հանգուցալուծման, հույս ուներ, որ, ի վերջո, Կրեմլը կմիջամտի, և այստեղ բախումը կարող է հանգեցնել նրան, որ Կրեմլի ազդեցությունը ՀՀ-ի վրա էապես կթուլանա և նույնիսկ կարող է ամբողջությամբ վերահսկողությունից դուրս գալ: Այսինքն` այս առումով Սերժ Սարգսյանն ինչ-որ տեղ վա բանկ գնաց, բայց գոնե ժամանակավորապես կարողացավ խնդիրը լուծել»,- ասաց Էդգար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, հայտարարեց քաղաքական պայքարն իշխող «Հանրապետական» կուսակցության հետ ավելի թեժ փուլ մտցնելուց: ԲՀԿ-ն հայտարարեց նաև, որ տեղի չի ունենա փետրվարի 20-ին նախատեսվող համաժողովրդական հանրահավաքը:

Տեսանյութեր

Լրահոս