Ով հավատում է, որ ես փողեր եմ գողացել, կլինիկական հիմար է. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ շատ է զայրանում, երբ իրեն մեղադրում են իշխանությունում գտնվելիս փողեր հափշտակելու մեջ.
«Ես իսկապես շատ եմ զայրանում, երբ ասում են, թե Սաակաշվիլին փողեր է գողացել: Ուղիղ ասում եմ, որ ով հավատում է դրան կլինիկական հիմար է կամ կատարելապես անբարեխիղճ: Ես չեմ կարող ընդունել դա (մեղադրանք), որովհետև երբևէ մեկ տետրի չեմ գողացել Վրաստանից:
Վրաստանին՝ ձեզ բոլորիդ, ես հավելել եմ 10 միլիարդ դոլար, թույլ չեմ տվել, որ ուրիշները գողանանան, ես ինքս չեմ գողացել և գումարները վերաբաշխել եմ մեր երկրում:
Երբ ես արդարադատության նախարար էի, շուրջբոլորս բոլորը գողանում էին, իսկ ես՝ արդարադատության նախարարս, հավաքում էի յուրաքանչյուր տետրին՝ բանտարկյալների վրա ծախսելու համար: Երբ ես աշխատում էի սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ), հավաքում էի յուրաքանչյուր տետրին՝ խաղահրապարակներ կառուցելու համար:
Իմ կյանքի սկզբունքն այն է, որ պետբյուջեի մուտքերը պատկանում են իմ երկրին, և դա նշանակում է, որ դրանք երբեք չեն լինի իմը: Ինձ համար հպարտություն է այն ամենը, ինչն արել ու կառուցել ենք: Անուղեղ, փոքրոգի մարդը երբևէ չի հասկանա, որ որևէ մեկը չի կարող գողանալ»: