
Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում և շարունակելու է իր քաղաքական գործունեությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությունից հետո մամուլում տարածվող իրարամերժ տեղեկություններին, թե Ծառուկյանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից, վայր դնել պատգամավորական մանդատը, հրաժարվել կուսակցությունից:
Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ այդ տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: «Գագիկ Ծառուկյանը չի հեռանում քաղաքականությունից և բացարձակապես սուտ է մանդատը վայր դնելու մասին տեղեկությունը: Այն անձանց, ուժերը, որոնք շրջանառության մեջ են դնում այս լուրերը, թե իբր պարոն Ծառուկյանը պատրաստվում է մանդատից հրաժարվել և քաղաքականությունից հեռանալ, հիասթափեցնեմ, ասելով` «ոչ», նման բան տեղի չի ունենալու»,- հստակեցրեց Իվետա Տոնոյանն` ակնարկելով, որ նման լուրերը միտումնավոր են հայտնվում մամուլում: Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ն այսուհետ շարունակելու է իր բնականոն գործունեությունը:
Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ ժամ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ երկրում չպետք է շարունակվի ներքաղաքական լարվածությունը: «Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ»,- նշել է Գագիկ Ծառուկյանը: