Արձանագրությունների հարցում Հայաստանի այս մոտեցումը ճիշտ չենք համարում. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումը.
«Թուրքիան շարունակելու է տարածաշրջանային կարգավորման գործընթացը, ինչը եղել է արձանագրությունների հիմնական նպատակը: Արձանագրությունների վավերացումը կարևոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև՝ Կովկասում համապարփակ ու շարունակական խաղաղություն ապահովելու համար:
Հայաստանի այս մոտեցումը ճիշտ չենք համարում: Դա սխալ և անհաջող քայլ է: Արձանագրությունների հարցում Հայաստանի դիրքորոշումն ի սկզբանե չի եղել անկեղծ ու հետևողական: Այդ որոշումը կայացվել է 1915 թվականի դեպքերի 100-րդ տարելիցի ժամանակաշրջանում: Դա կարելի է գնահատել որպես Թուրքիային մեղադրելու համար նոր հիմնավորում ստեղծելու փորձ»: