Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը

Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով՝ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել էր ազատազրկման` 6 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը, առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ։

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը վճռաբեկ դատարանից խնդրել էր բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության, կամ պատժաչափի մասով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի որոշումը և համաներման ակտի կիրառմամբ Վոլոդյա Ավետիսյանին ազատել պատժի կրումից։

Ամբաստանյալի պաշտպանը նշել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված որոշման՝ ամբաստանյալի պաշտպանը նշել է, որ այս գործով թույլ է տրվել ընդդատության կանոնների կոպիտ խախտում, որ ստորադաս դատարանի որոշումը հակասում է օրենքին, խախտում է Վոլոդյա Ավետիսյանի իրավունքները, խաթարում արդարադատության բուն էությունը։

«Բողոքաբերի փաստարկների և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերի փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր»,- իր որոշման մեջ նշել է վճռաբեկ դատարանը։

Տեսանյութեր

Լրահոս