«Ռեպրեսիաների ու ձերբակալությունների անթույլատրելիության մասին Քոչարյանի հայտարարությունը երեսպաշտության օրինակ է». Արմեն Գրիգորյան
168.am–ի զրուցակիցն է հեղինակավոր «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
– Պարոն Գրիգորյան, օրերս Եռյակի առաջնորդները հանդիպել են` որոշելով համաժողովրդական հանրահավաք անցկացնել փետրվարի 20-ին: Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, եթե ի գիտություն ընդունենք այն հանգամանքը, որ կողմերն ընդունել են մարտահրավերը և իրար պատասխանում են սպառնալիքի լեզվով:
– Սպառնալից կամ առնվազն անհարգալից ոճով արտահայտվելը մեզանում վաղուց արմատավորվել է որպես քաղաքական մշակույթի մաս: Դա ինչ-որ չափով բնական է` հաշվի առնելով մասնավորապես քաղաքական դաշտի հագեցվածությունը քրեական տարրերով:
Ընդդիմությունը կփորձի հնարավորինս զանգվածային հասարակական մոբիլիզացիա ապահովել` մի շարք պատճառներով: Դա անհրաժեշտ է թե՛ տեղեկատվական ոլորտում իշխանության առավելությունը գոնե մասամբ չեզոքացնելու, թե՛ հնարավոր ռեպրեսիաներին և ինտրիգներին («առնետավազք» կազմակերպելուն) հակազդելու, և ամենակարևորը` ընդդիմության ծրագրերն ու գործողությունները լեգիտիմացնելու համար: Իշխանությունն էլ իր սովորական` ինտրիգների, տեղեկատվական տեռորի և բիրտ ուժի միջոցով կփորձի գործել, քանի որ իր ամբողջ բնույթով այլ կերպ գործելու համար պիտանի չէ:
– Եռյակը պետք է գիտակցի՞, որ այս փուլում բախումներ չեն բացառվում, ուստի պետք է մտածել նաև ժողովրդին հարվածի տակ չդնելու մասին:
– Ժողովրդին հարված հասցնելու հիմնականում ունակ և պատրաստակամ ուժը գործող իշխանությունն է` լինելով մարտի 1-ի ծնունդ: Եռյակի անդամները դա հաստատ գիտակցում են, առավել ևս, քանի որ մարտի 1-ին բարիկադների տարբեր կողմերում լինելով` համապատասխան փորձ են ձեռք բերել: Իհարկե, իշխանությունն իր բթամտությամբ և ճկունության բացակայությամբ թելադրված գործելաոճով կարող է առավել ևս ավելացնել բախման հնարավորությունը. դրա օրինակներից մեկն էր մի քանի շաբաթ առաջվա կատարվածը` երբ անգամ մոմավառությունն էին արգելում` Ազատության հրապարակը շրջապատելով և բազմաթիվ մարդկանց բերման ենթարկելով:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս անդրադարձել է տեղի ունեցածին և խոսել ռեպրեսիաների ու ձերբակալությունների անթույլատրելիության մասին և ոչ մի խոսք նրա վերադարձի կամ Եռյակին աջակցելու մասին: Ըստ Ձեզ` ո՞րն էր այս անդրադարձի գլխավոր ուղերձը:
– Բնականաբար, որևէ մեկին աջակցելու մասին Ռ. Քոչարյանը բացեիբաց չի կարող հայտարարել. իր անցած ուղին` հոկտեմբերի 27-ից մարտի 1 (անգամ մնացածը չհաշված) բավական է, որ հասարակության առողջ հատվածը նրա աջակցությունը վայելող ցանկացած ուժից երես թեքի: Ռեպրեսիաների ու ձերբակալությունների անթույլատրելիության մասին իր հայտարարությունը երեսպաշտության և անամոթության օրինակ է` դարձյալ հաշվի առնելով իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածը` ընդհուպ մինչև մարտի 1-ը, որին հաջորդեց արտակարգ դրություն հայտարարելը և բազմաթիվ ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրեական գործերով դատավարությունները: Միաժամանակ բանավեճը «քաղաքական հարթություն» վերադարձնելու, ու մի կողմից` ռեպրեսիաներից, մյուս կողմից` զանգվածային փողոցային գործողություններից խուսափելու կոչը կարող է պայմանավորված լինել իր նախկինում կատարածը ջրի երես հանելուց խուսափելու և գույքի անձեռնմխելիությունն ապահովելու ցանկությամբ: