ՌԱԿ-ը սթափության կոչ է անում
Ռամկավար ազատական կուսակցության համապետական վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Վերջին օրերին հանրապետության քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները տագնապալի իրավիճակ են ստեղծել հասարակական-քաղաքական շրջանակներում։ Մտահոգ է մեր ողջ ժողովուրդը, Հայաստանում թե սփյուռքում։ Գաղտնիք չէ, որ հանրապետությունում առկա են սոցիալ-
տնտեսական եւ քաղաքական լուրջ դժվարություններ, որոնց լուծումը հրատապ է եւ առաջնահերթ։
Հստակ է նաեւ, որ մենք ունենք Արցախյան հիմնախնդիրը, նենգ հարեւան, որը առիթը բաց չի թողնում սահմանին հերթական լարվածությունը ստեղծելու համար։ Հետեւաբար, երկրի համար գերակա է անվտանգության ապահովման հարցը, որի շուրջ օրնիբուն պետք է աշխատեն թե′ գործող իշխանությունները, թե′ ընդդիմությունը եւ թե′
քաղաքական ու հասարակական մյուս բոլոր կազմակերպությունները։
Ռամկավար Ազատական կուսակցությունը ելնելով ստեղծված լարված այս իրավիճակից՝ կոչ է անում հայրենի իշխանություններին, Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին եւ քաղաքական անհատ գործիչներին ավելի սթափ գնահատել իրավիճակը, տուրք չտալ զգացմունքայնությանը, մնալ քաղաքական պայքարի պատշաճ մակարդակում եւ անցնցում պահել հայրենիքը։
Մյուս կողմից, հաշվի առնելով համազգային կարեւորություն ունեցող Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն ու հայոց պահանջատիրության հետ առնչվող զարգացումները՝ Ռամկավար Ազատական կուսակցությունը հույս է հայտնում, որ բոլոր քաղաքական ուժերը, հանրապետության ողջ բնակչությունը, տուրք չի տա տարաբնույթ կոչերին ու տարաձայնություններին, այլ կգործի միայն ի շահ մեր ազգային դատի արդարացի լուծման եւ հայրենիքի բարգավաճման եւ հզորացման»։