Աշխարհը բավականաչափ լուրջ չընդունեց ՌԴ-ի կողմից Աբխազիան ու Հարավային Օսիան զավթելը. Գարիբաշվիլի

Գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին խոսել է ռուսական սպառնալիքի մասին: Գարիբաշվիլին հայտարարել է, որ աշխարհը բավականաչափ լուրջ չընդունեց 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմն ու նրա կողմից Աբխազիան և Հարավային Օսիան զավթելը:

Գարիբաշվիլին շոշափել է նաև եվրաատլանտյան տիրույթի հետ երկրի մերձեցման նշանակությունը. «Եվրոպայի օգտին մեր որոշումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ընդհակառակը: Եթե Վրաստանում չլինի խաղաղություն ու անվտանգություն, ապա կայունություն չի լինի ողջ Կովկասյան տարածաշրջանում, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից»:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է իր քաղաքականությունն օկուպացրած շրջաններում. «Նա իր շուկան բացել է վրացական արտադրանքի համար, սակայն քաղաքականությունում որևէ բան չի փոխվել»: Երբ Գարիբաշվիլուն հարցրել են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին, նա պատասխանել է, որ դա տեղի չի ունենա այսօր կամ վաղը, սակայն իրենք ճիշտ ճանապարհին են:

Տեսանյութեր

Լրահոս