
Վրացի պատգամավորները չեն ողջունել Ուկրաինայում Սաակաշվիլուն պաշտոն տալը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նշանակվելը կարող է վնաս պատճառել Ուկրաինայի շահերին:
Այս մասին երեկ Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդներից, խորհրդարանի` մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան.
«Ուկրաինայում այն անձանց պաշտոնների նշանակելը, որոնք իրենց քաղաքականությամբ վնասել են Վրաստանը, կարող է վնաս պատճառել Ուկրաինայի իսկ պետական շահերին: Դրա համար էլ ես չեմ կարող ողջունել այդ որոշումը:
Վրաստանում շատ ջերմ ու բարեկամական վերաբերմունք են ցուցաբերում Ուկրաինայի հանդեպ: Չգիտեմ, թե խելամիտ ինչ բան կարող է Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդ տալ Ուկրաինայի նախագահին»:
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Զուրաբ Աբաշիձեն իր հերթին հայտարարել է. «Քաղաքական ճաշակների մասին չեն վիճում: Եթե ես լինեի Ուկրաինայի նախագահը, ապա չէի ցանկանա, որ Սաակաշվիլին լիներ խորհրդական»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դեռ նախորդ տարվա մարտին էր Ուկրաինայի կառավարությանը խորհուրդ տվել ավելի քիչ լսել Սաակաշվիլու խորհուրդներին: