«Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը դա գիտակցաբա՞ր է արել». Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է՝ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված ելույթը  շատ անհասկանալի ելույթ էր:

168.am-ի հետ զրույցում խոսելով այդ ելույթին հաջորդող ներքաղաքական զարգացումների մասին՝ Ա. Մանուչարյանն ասաց, որ իրավիճակը, որը ստեղծվել է այդ ելույթի արդյունքում, հետևյալն է. «Կամ տեղի է ունենալու հանձնում իշխանության, և այդ գործընթացով արդեն ուրվագծվում է՝ հանձնումը որ ուժին է լինելու (այսինքն՝ որ ուժին մեղադրում ես, որին դարձնում ես առաջնորդ, այդ ուժին էլ հանձնում ես իշխանությունը), կամ երկրորդը՝ երկրում քաոս է լինելու: Այս երկու զարգացումներն են հնարավոր այդ ելույթի արդյունքում: Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը դա գիտակցաբա՞ր է արել, թե՞ կոմպետենտության կորուստ է եղել»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ եռյակի մյուս երկու ոչ իշխանական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Ժառանգությունը», կընդունե՞ն, որ «Բարգավաճ Հայաստանը»՝ իր առաջնորդով, գա իշխանության, Ա. Մանուչարյանը պատասխանեց, որ շատ ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ կընդունի ժողովուրդը.

«Իսկ ժողովրդին, կարծես թե, ուրիշ ելք չեն թողել եզրակացության, ժողովուրդը վայրկյան շուտ ուզում է այս վիճակը հաղթահարել, դուրս գալ այս վիճակից, անգամ իր համար կարևոր չէ, թե ումո՞վ և ինչո՞վ է դա արվելու: Եվ հիմա շատ ռեալ հնարավորություն է ստեղծվում՝ դրան վերջ տալ, թե ո՞ւմ միջոցով այդ հնարավորությունն առաջացավ, նա էլ ստանալու է հատուկ հնարավորություններ»:

Նախագահի ելույթից հետո վերսկսվեցին նրան իմպիչմենթի ենթարկելու խոսակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը փետրվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պաշտպանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանակության պահանջը:

Ա. Մանուչարյանից հետաքրքրվեցինք՝ նախագահի այդ ելույթից հետո որքանո՞վ է իրատեսական նրան իմպիչմենթի ենթարկելու գործընթացը: Ա. Մանուչարյանը պատասխանեց, որ եթե լինի ժողովրդական ընդվզում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ եղանակներով արդյունքի կհասնեն.

«Այստեղ կարևորը ոչ թե իրավական պրոցեդուրաներն են, այլ ուժերի հարաբերությունը: Եթե ուժերը քիչ թե շատ հավասար եղան, հաշվի առնելով, որ մեկը զինված է, իսկ մյուսը՝ ոչ այնքան, ապա դա կարող է բերել լուրջ բախումների, անկախ նրանից՝ դա իմպիչմենթո՞վ են ուզում անել, թե՞ այլ միջոցով: Այսինքն՝ ռեալ հարցերը լուծելու են հրապարակներում: Եթե ժողովրդական ուժը եղավ այնքան ճնշող, որ կոտրի ամեն մի դիմադրություն, ապա կլինի քիչ թե շատ անցնցում իշխանության կորուստ՝ իշխող ուժի կողմից, և նորի ձևավորում, իսկ եթե այդպես չլինի, իշխող ուժը ռեսուրս և ցանկություն ունենա դիմակայելու, ապա երկիրը կարող է հայտնվել շատ խառը իրավիճակում, իրականացվեն այնպիսի բաներ, ինչպիսին Ուկրաինայում էր»:

 

Տեսանյութեր

Լրահոս