Հակոբ Տիգրանյան. «Այս ամեն ինչից օգտվողները մեր թշնամիներն են լինելու»

Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին 168.am-ին իր տեսակետները հայտնեց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը

«Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները դժբախտաբար սպասելի էին, և հասել էր այն պահը, որ արդեն բախումն անխուսափելի էր. այն վաղ թե ուշ տեղի պիտի ունենար:

Հայաստանն այժմ մտնում է քաղաքական անկայունության և առճակատումների հանգրվան: Դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կստանա:

Ինձ համար առավել քան հստակ է, որ ստեղծված իրավիճակից Հայաստանը ոչ մի օգուտ չի քաղելու, ժողովուրդն առավել ևս դեպի հուսահատության է մղվելու:

Դժվար է ասել, թե այս պահին ինչպես պետք է շրջանցել ներկա առճակատումները, բայց այսօր, առավել քան երբևէ ամենամեծ անհրաժեշտությունը հանդուրժողականությունն է:

Ցավոք սրտի, այս ամեն ինչից միակ օգտվողը լինելու են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիները: Ենթադրում եմ, որ մեր ներքին լարվածությունից օգտվելու փորձեր է կատարելու Ադրբեջանը՝ կրկին սահմանային գոտում հրահրելով ռազմական գործողություններ:

Մտավախություն կա նաև, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներքաղաքական լարվածությունները և ներհայաստանյան պառակտումները ուղղակի խանգարեն պատշաճորեն ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը»:

 

Տեսանյութեր

Լրահոս