
Apple ընկերությունը մշակում է էլեկտրոմոբիլ. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ` ամերիկյան Apple ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ աշխատում են էլեկտրոմոբիլ ստեղծելու գաղտնի նախագծի շուրջ: Նախագիծը մեկ տարի առաջ հավանության է արժանացրել ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:
Նախագիծը ստացել է «Տիտան» աշխատանքային անվանումը: Apple-ի «ավտոմոբիլային» ստորաբաժանումը գլխավորում է ընկերության` դիզայնի գծով փոխնախագահ Սթիվ Զադեսկին, ով ավելի վաղ աշխատել է Ford կորպորացիայում:
Ակնկալվում է, որ Apple ընկերությունում էլեկտրոմոբիլի ստեղծման վրա աշխատողների թիվը կհասնի մոտ 1000 մարդու: Թերթն ընդգծում է, որ Apple-ը կարող է և որոշել ավտոմեքենան դուրս չբերել շուկա, քանի որ դրանում օգտագործվող բազում տեխնոլոգիաները կարող են պիտանի լինել ընկերության մյուս արտադրատեսակաների, այդ թվում նաև iPad-ի ու iPhone-ի համար:
Apple-ը հաճախ է ստեղծում հեռանկարային նախատիպեր և դրա հետ մեկտեղ չի պատրաստվում դրանք դուրս բերել շուկա: