«Մոսկվան Հայաստանում չի կարող սատարել օլիգարխի և օլիգարխի հետ կապված ընդդիմության». Մոդեստ Կոլերով

168.am-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը:

– Պարոն Կոլերով, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալ կերպով քննադատության թիրախ դարձրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մի շարք տեսակետների համաձայն՝ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանի գործունեությանը նման կերպ անդրադարձավ նրա՝ Մոսկվա կատարած այցից հետո: Ըստ Ձեզ` արժե՞ նման կապ փնտրել:

– Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանը, ժամանելով և հանդիպումներ ունենալով Մոսկվայում, փորձեց իրադարձություններից առաջ ընկնել: Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ թե պատասխան էին, այլ, երևի թե, վաղուց պլանավորված դիտարկումներ: Հայաստանյան քաղաքական դաշտին փոքր-ինչ ծանոթ մարդիկ գիտեն, որ Հայաստանի խնդիրների մի մեծ բաժինը կապված է, այսպես կոչված, օլիգարխների, նրանց ոչ թափանցիկ գործունեության, հարկային և մաքսային պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու հետ: Այսինքն` այս մարդկանց բարեկեցության, քաղաքական կշռի համար վճարում է Հայաստանի ողջ բնակչությունը:

Մակարոնի ներմուծման մենաշնորհ ունեցող գործչի համար վճարում է մի ողջ ժողովուրդ: Սա իրական ֆանտաստիկա է, որ նորմալ երկրում, իսկ Հայաստանը նորմալ երկիր է, մակարոնն ունենա մենաշնորհային դիրք ունեցող ներկրող: Այլ հարց է` քանի դեռ օլիգարխները չեն զբաղվում քաղաքականությամբ, նրանց ոչ թափանցիկությունը հետաքրքրություն չի հարուցում: Իսկ հիմա ստացվեց, որ հետաքրքրություն առաջացավ: Սա միակ նախատինքն է, որը կարող է լինել ՀՀ իշխանությունների հասցեին:

– Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է ունենալ Կրեմլի աջակցությունը: Չէ՞ որ նա Կրեմլում, ըստ Ձեզ, աջակցություն էր փնտրում:

– Ոչ, չի կարող: Եթե խոսքը հարգված քաղաքական գործչի մասին է, բարեգործի, բիզնեսմենի, ապա խնդիրներ չեն կարող լինել: Բայց եթե անձը ձևավորում է ընդդիմություն, պետք է հստակ, հանգամանալից և կոնկրետ տեղեկացնի, թե ո՞րն է այն այլընտրանքը, որն ինքն իր թեկնածությամբ է առաջարկում: Մենք այդ հարցի հստակ պատասխանը նրանից չենք լսել: Իսկ եթե չկա այլընտրանք, ապա Մոսկվայի կողմից աջակցություն չի ստանա ոչ ոք: Եթե ընդդիմությունն ասում է, որ կողմ է ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ՝ կապված է օլիգարխների հետ, ի՞նչ ենք մենք ստանում: Ոչ մի նոր բան:

– Պարոն Կոլերով, երբ խոսվում է Ծառուկյանի մասին, բոլորը հիշում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ մտածելով, թե Եռյակի և Ծառուկյանի ետևում կանգնած է Քոչարյանը և քաղաքականություն վերադառնալու հեռանկարը: Ի՞նչ կասեք նրա վերադարձի հնարավորությունների մասին:

– Ռոբերտ Քոչարյանը՝ որպես նախկին նախագահ, ունեցել է և ունենալու է հատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Բայց ես կարծում եմ, որ ժամանակակից հայկական ընդդիմության հետ Քոչարյանը որևէ կապ չունի: Հնարավորությունները դժվար է գնահատել:

 

Տեսանյութեր

Լրահոս