Պետրոս Մակեյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին «Դա իր պրոցեսը չէ, դա Քոչարյանի պրոցեսն է, իսկ Քոչարյանը 2013թ. ասել է, որ ղարաբաղցին ղարաբաղցու դեմ դուրս չի գա»

«Իմ կարծիքով՝ վարչախումբը 2017թ. ԱԺ ընտրությունների սցենարի երկրորդ վճռական փուլն է մտել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատության մասին:

Պետրոս Մակեյանն ասաց, որ տարբերկաներից մեկն այն է, որ ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանին, հասարակության աչքի առաջ դարձնում են հիմնական թիրախ, ինչը կօգնի 2017թ. գործընթացներն այն հունով տանել, որպեսզի «կայանան» սահմանադրական «բարեփոխումների» ծրագրով երկբևեռ քաղաքական ուժերը:

«Մեկը ի դեմս Հանրապետական կուսակցության՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մյուսը՝ ի դեմս ԲՀԿ-ի՝ Քոչարյանի գլխավորությամբ: Կարծում եմ և համոզված եմ՝ այդ սցենարի վճռական, իմիտացիոն փուլն են սկսել»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք նրան ցանկանո՞ւմ են այդպիսով ընդդիմադիր «դարձնել», Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ընդդիմադիր նոր չեն դարձրել, բայց կա լայն հասարակական համոզմունք, որ դա խաղ է, որովհետև հնարավոր չէ, որ օլիգարխն ընդդիմություն դառնա: Որպեսզի այս ամբողջ գործընթացը 2017թ. բարեհաջող հանգրվանի հասցնեն, պետք է սկսեն «հալածանք, հետապնդումներ», իբր ունեզրկման գործընթաց, որպեսզի հասարակության գոնե մի մասը համոզվի, որ Գագիկ Ծառուկյանը իրականում դեմ է դուրս եկել այս վարչախմբին»:

Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե ապագայում ի՞նչ զարգացումներ է կանխատեսում՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի կողմից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում Գագիկ Ծառուկյանի նշանակման հրամանագիրը, նախագահը խոսում էր այն մասին, որ «տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցտարի կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած «բարեգործության» անվան տակ քողարկելու մասի, շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրեը», որ այսօր Անվտանգության խորհրդի նիստում իրավապահների հետ անդրադարձ կլինի, թե «ինչպես վարվել նման լուրերի հետ»:

«Առաջինը պետք է արձանագրենք, որ երկրի առաջին դեմքը ինքնախոստովանում է, որ իրենց թողտվությամբ հնարավոր է խուսափել հարկերից, հիմա երկրորդ հրահանգն է տվել, որպեսզի դրանք հետ վերադարձնեն: Այդ ամբողջ գործընթացը նաև մեր պետության խայտառակությունն է: Ինչպես կարելի է, որ երկրի թիվ մեկ ղեկավարն իմանա, որ հարկերից խուսափում են ու հանդուրժել է, հիմա ինքնուրույն կարծես թե ինչ-որ պրոցեսներ է սկսել, հրահանգավորել է այլևս սկսել գործընթացներ՝ ֆինանսական ստուգումներ, քրեական պատասխանության ենթարկել:

Ես նորից եմ ասում՝ այս ամբողջը մտնում է իմ ասած իմիտացիոն սցենարի մեջ 2017թ. համար: Բայց չի բացառվում երկրորդը տարբերակը, որը քիչ հավանական է՝ դրսից մեսիջներ են տվել ԲՀԿ-ի ղեկավարին, որ պրոցեսներ տանի ընդդեմ Սերժ Սարգսյանի:

Սա քիչ հավանական է: Նա վերջերս Ռուսաստանում է եղել, հնարավոր է՝ նման մեսիջներ են տվել, ինքն էլ եկել է, սկսում է պրոցեսը, բայց դա իր պրոցեսը չէ, դա Քոչարյանի պրոցեսն է: Իսկ Քոչարյանը 2013թ. ասել է, որ ղարաբաղցին ղարաբաղցու դեմ դուրս չի գա: Այս ամենը վերլուծելով՝ իմ տպավորությամբ մնում է առաջին տարբերակը, որ սա իմիտացիա է՝ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու համար»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ իր նշած իմիտացիայի շրջանակներում խոսք գնա նաև քրեական պատասխանատվության, ձերբակալությունների մասին, նա պատասխանեց. «Իհարկե, իհարկե, առանց դրանց՝ այդ ծրագիրը չի աշխատի: Կլինեն, այսպես կոչվա,ծ հալածյլաներ, ձերբակալություններ, ունեզրկման որոշակի պրոցես»:

Նա նշեց նաև, որ թատերական ներկայացումը հավաստի դարձնելու համար որոշակի պրոցեսներ կլինեն նաև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. «Չնայած ինքը հիմնականում կոնկրետ պատասխանատվության չի ենթարկվի, բայց գլխի վրա կախ կպահեն այդ պրոցեսը, հդվածները որպեսզի ժողովուրդը հավատա»:

Տեսանյութեր

Լրահոս