«Գիտե՞ք որքան մարդկանց չէի պատկերացրել ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների հարցերին պատասխանելիս». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հորդորում է իր թիմակիցներին և մրցակից քաղաքական գործիչներին վիրավորանքների դաշտ չմտնել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նա` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտավոր ունակությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումներին:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի դիտարկումը Ծառուկյանի` ելույթը չհասկանալու մասին այդքան էլ տեղին չէ, քանի որ, Մարտիրոսյանի խոսքով, բոլորին է հայտնի, որ պաշտոնյաների բոլոր ելույթները իրենց ձեռքի գրածը չեն: «Ես ինչպես չեմ կասկածում, որ Գագիկ Ծառուկյանն է հասկանում՝ ինչ է կարդում, այնպես էլ չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կարդում են՝ չեն հասկանում»,- ասաց Մարտիրոսյանը:
Ապա հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Գագիկ Ծառուկյանին ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունենալիս` պատասխանեց, թե գիտե՞ք որքան մարդկանց չէի պատկերացրել ԵԽԽՎ-ում՝ ոչ միայն ադրբեջանցի պատգամավորների հարցերին պատասխանելիս, այլ ընդհանրապես նրանց այնտեղ լինելը:
«Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ անձնական վիրավորանքների դաշտ չի սիրում մտնել: «Յուրաքանչյուր անձ, եթե բիզնեսում հաջողությունների է հասել, անկախ նրանից` օժանդակություն ունեցե՞լ է, արհեստական խթաններ ունեցե՞լ է, թե՞ ոչ՝ առանց կազմակերպչական մեծ ունակությունների՝ չէր կարող, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ շատ-շատերն են եղել, որ ավելի մեծ հնարավորություններ են ունեցել, բայց կազմակերպչական ունակություններ չունենալու պատճառով այդ հաջողություններին չեն հասել: Բացարձակ չեմ ընդունում անձնական վիրավորանքների դաշտ մտնելը: Ես երբևիցե չեմ մտել վիրավորանքների դաշտ և չեմ էլ ցանկանում, որ իմ գործընկերները կամ քաղաքական մրցակիցները դա անեն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: