Չհասկացողներին մի քանի անգամ ասելուց հետո մի հատ էլ կբամփենք. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կոնկրետ ինքն անելիք ունի և որպես վարչապետ օգտագործելով՝ իր լծակները կկանխի բոլոր տիպի ոտնձգությունները։
«Ես ընդամենը կարող եմ ասել, որ ես անելիք ունեմ, կօգտագործեմ նաև իմ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները և այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելով չեն հասկանում, ուրեմն մի քանի անգամ պետք է ասենք, ու մի հատ էլ բամփենք։ Գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին է, համաձայն չեմ, որ ուշացած է»,-ասաց նա։
Վարչապետը շեշտեց, որ, իհարկե, ուժեղ մարդիկ են լինում հանդուրժող, բայց այսքան ժամանակ հանդուրժել են հանուն կայունության։
«Ուժեղ և պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ, հակառակը՝ կարող է լինել հանդուրժող և ներողամիտ։ Բայց վայ այն մարդկանց, ովքեր կփորձեն կամ փորձում են շահագործել հանդուրժողականությունը և ներողամտությունը։ Պարո՛ն Նախագահ, մենք իրոք անելիք ունենք, ականջալուր եղա Ձեր հորդորին և այսօրվա իմ գործընկների ելույթներից ուզում եմ տարանջատել այն վարչական լծակները, որ ունեմ և կյանքի կոչել ընդհանրապես»,–ասաց նա։
Վարչապետը նշեց, որ իրենք ստացել են ձայներ և ունեն պատասխանատվություն թե՛ տնտեսական զարգացման համար, թե՛ ԼՂՀ անվտանգության և թե՛ ՀՀ անվտանգության համար։