Ֆրանսիան չի պատրաստվում Ռուսաստանին հանձնել «Միստրալ» տիպի առաջին ռազմանավը. Ֆաբիուս
iTele հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ նախկինի նման դադարեցված է Ռուսաստանի հետ «Միստրալ» ռազմանավերի շուրջ գործարքը՝ չնայած Մինսկում «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքներին.
«Ինչպե՞ս կարող ենք մենք ներկայիս իրավիճակում կատարել գործարքի պայմանները, որը կնքվել է մի քանի տարի առաջ: Ներկայումս դրա իրագործումը դադարեցված է»: Ֆաբիուսը հավելել է, որ հիմքեր չի տեսնում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման համար: Նրա կարծիքով՝ այժմ դա անելն անիմաստ է, և դա իմաստ կունենար այն դեպքում, եթե Մինսկում ձեռք չբերվեր որևէ համաձայնություն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում Մինսկի հանդիպումից հետո Ռուսաստանին հանձնել «Միստրալ» տիպի առաջին ռազմանավը: