Ինչպե՞ս են լուծել աղբի խնդիրը Շվեյցարիայում

Սովորաբար Շվեյցարիա այցելած զբոսաշրջիկները հիանում են այդ երկրի գյուղերի և քաղաքների մաքրությամբ, բայց հազվադեպ են հետաքրքրվում՝ ինչպես են նրանք դրան հասել։
Աշխարհի շատ երկրներում ընդունված աղբի տեսակավորման համակարգը Շվեյցարիայում բացարձակ ծայրահեղության է հասցված, գրեթե աբսուրդի աստիճանի։

Տեսակավորվում է այն ամենը, ինչ հնարավոր է տեսակավորել։ Այս համակարգը բացառություն չի ճանաչում. բոլորը պարտավոր են աղբը դնել տարբեր տարաների մեջ։
Այստեղ առարկություններ չեն ընդունվում. համաձայն չես՝ ուրեմն տուգանք վճարիր։
Այն, որ դու հարուստ ես, չի նշանակում, որ պետք է օրենքից դուրս գտնվես։
Շվեյցարիայում հաճախ կտեսնես մարդկանց, որոնք, իջնելով շքեղ ավտոմեքենաներից, առանց անլիարժեքության բարդույթ ունենալու՝ դատարկ շշերը հանձնում են տարաների ընդունման կենտրոն։
Շվեյցարիան հանձնվող տարաների քանակությամբ աշխարհում առաջատարն է։ Տարաների ավելի քան 90%-ը վերադառնում է ապակու երկրորդային վերամշակման գործարաններ։

shvec (2)

Օգտագործված ապակու ընդունման և վերամշակման ծրագիրը սկսվել է 1972 թվականին և հաջողությամբ իրագործվում է մինչև այսօր։

Կարդացեք նաև

Միայն գարեջրի որոշ տեսակների դատարկ տարաներ հանձնողները կարող են դրա դիմաց գումար ստանալ։ Մյուս բոլոր դեպքերում տարաները հանձնվում են բացարձակապես անվճար հիմունքներով։

Ընդ որում, նրանք պարտավոր են նաև հանել տարաների կափույրները և շշերն ու այլ տարաներ տեսակավորել՝ ըստ ապակու գույնի։
Քանի որ ստվարաթղթի վերամշակումը սովորական թղթի վերամշակումից թանկ արժե, դրանք առանձին են վերամշակվում։ Այդ պատճառով էլ քաղաքացիները պարտավոր են դրանք առանձնացնել, ապա նոր հանձնել համապատասխան կետեր։
Երկրում արտադրվող տպագիր արտադրանքի գրեթե 1/3-ը վերադառնում է հումքի երկրորդային վերամշակման կենտրոններ։

shvec (5)

shvec (3)

Շվեյցարիայում ոչ մեկի մտքով երբևէ չի անցնի օգտագործված մարտկոցները աղբամանը նետել։

Դրա համար էլ Շվեյցարիայում վաճառվող մարտկոցների 60%-ը հետ է վերադառնում և չի շպրտվում։
Առանձին են հանձնվում նաև հին էլեկտրական սարքերը և էլեկտրատեխնիկան, շինարարական աղբը, ցերեկային լույսի լամպերը, պահածոների տարաները՝ նախապես հանձնողների կողմից մագնիսական մամլիչով երկաթը մամլած վիճակում։

Առանձին են հանձնվում նաև կենդանիների դիերը, որոնց համար վճար է գանձվում, բայց արգելվում է դրանք թաղել, այդ թվում՝ առանձին՝ բուսական յուղի մնացորդները և մեքենայի յուղը։

shvec (6)

Ի դեպ, ձեր մեքենայի յուղը դուք ինքներդ չեք կարող փոխել։ Այն պետք է փոխել ավտոտեխսպասարկման կենտրոններում։

Ցանկը սարսափելի թվաց, չէ՞:

Կարող եք, իհարկե, բոլորը միասին միանգամից լցնել աղբամանը, սակայն այդ դեպքում պատրաստ եղեք վճարել հսկայական հարկ աղբի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։

Աղբի ամեն մի տոպրակի վրա փակցվում է հարկի վճարումը հաստատող դրոշմանիշ։
Այդ պատճառով էլ շվեյցարացիները նախընտրում են հին իրերն անվճար հանձնել դրանց ընդունման համապատասխան կենտրոններում։

Իհարկե, կան հնարամիտներ, որոնք փորձում են աղբից ազատվել առանց դրոշմանիշ փակցնելու, բայց այդպիսիներին սաստում է աղբի ոստիկանությունը։

Մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ուսումնասիրում են ոչ ճիշտ տեղում կամ առանց հարկը վճարելու թողնված աղբը, գտնում օրինախախտին և տուգանում։

shvec (1)

Տուգանքները շատ բարձր են։

Շվեյցարական թերթերից մեկը գրել էր մի դեպքի մասին, երբ աշխատանքի գնալու ճանապարհին ինչ-որ մեկը թղթե տոպրակներով տան աղբը մեքենայի պատուհանից դուրս է նետում։
Ոստիկանությունը գտնում է օրինազանցին և աղբը թափելու և մայրուղին մաքրելու համար տուգանում է 6000 ֆրանկով, 3000 ֆրանկով՝ օրենքը խախտելու համար, և 530 ֆրանկով՝ դատական ծախսերի համար։

Ահա այսպիսի մենթալիտետ։

Շվեյցարիայում աղբի հարկը գործում է երկրի բոլոր կանտոններում և համայնքներում։
Դեռևս նախորդ դարի 1980-ական թվականներին Շվեյցարիայի էկոլոգիական վիճակն աղետալի էր. բոլոր գետերն ու լճերը աղտոտված էին ֆոսֆատներով և նիտրատներով, հողը՝ ծանր մետաղներով, կենսաբազմազանությունը աներևակայելի արագությամբ կրճատվում էր, իսկ աճող հասարակությունը շատ մեծ քանակությամբ աղբ էր արտադրում։

Շատ շուտով բնակիչները սկսեցին խեղդվել արտադրական և գյուղատնտեսական աղբի այդ հսկայական քանակից։
Այ հենց այդ ժամանակ էլ առաջ եկավ նոր էկոլոգիական քաղաքականություն իրականացնելու հարցը, ինչն էլ սկսեցին հետևողականորեն կյանքի կոչել։
20 տարի պահանջվեց դրա համար, սակայն արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։

Շվեյցարիան այսօր աշխարհի էկոլոգիապեո ամենամաքուր երկրներից է՝ զարգացած հասարակական տրանսպորտով և մաքուր լեռնային օդով։
Այս հաջողության գրավականն այն է, որ Շվեյցարիայում պետությունն իրենք՝ երկրի քաղաքացիներն են։

Այդ երկրի քաղաքացիները հենց իրենց հանձնարարեցին իրենց երկրի մաքրությունը և հաջողություն գրանցեցին։ Մնացածը ժամանակի հարց էր։
Եզրակացությունը մեկն է. մարդիկ ցանկացան ու արեցին։
Այնպես որ, եթե այլևս չենք ցանկանում աղբանոցում ապրել, ուրեմն գործել է պետք։

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

Տեսանյութեր

Լրահոս