Մանրամասներ Աչաջուրում կատարված խուզարկությունից. Ս.Ղալթախչյանը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքացի Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ թվով 18 փամփուշտ:
2015 թվականի փետրվարի 11-ին Ս.Ղալթախչյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին