
«Թուրքական հոսք» գազատարը TANAP գազատարի մրցակիցը չէ. Թաներ Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարը չի հանդիսանում «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի մրցակիցը:
Նախարարն այդ մասին հայտարարել է այսօր Բաքվում «Հարավային գազային միջանցքի» Խորհրդատվական խորհրդի առաջին նիստից հետո: Նրա խոսքերով՝ Անկարան քննարկում է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործման հարցը.
«Թուրքիան չի փնտրում TANAP գազատարի նախագծին այլընտրանք: Թուրքիայի համար TANAP գազատարի նախագիծն առաջնահերթություններից մեկն է: TANAP գազատարի նախագծի իրագործման համար չկան քաղաքական ու տեխնիկական խնդիրներ: Գազատարի նախագծի իրագործումը շարունակվում է արագացված տեմպերով»:
Յըլդըզը հավելել է, որ ներկայումս դեռ վաղ է խոսել «Թուրքական հոսք» գազատարի վերջնական երթուղու մասին, և որ պլանավորված է գազատարը դուրս բերել Թեքիրդաղի նահանգի Քայաքյոյ բնակավայրի շրջան (Թուրքիայի հյուսիս-արևմուտք):