Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 76-րդն է. «Լրագրողներ առանց սահմանների»
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը բարելավել է իր ցուցանիշները «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում: Վրաստանը, որը 2014 թվականի հաշվետվությունում զբաղեցրել է 84-րդ տեղը, 2015 թվականին բարձրացել է 69-րդ հորիզոնական:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հաշվետվությունում ընդգրկված է 180 երկիր: Վրաստանը մամուլի ազատության ոլորտում Հարավային Կովկասի առաջատարն է: Հայաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 162-րդ տեղը:
Հետխորհրդային երկրների թվում առաջատարն Էստոնիան է, որը զբաղեցրել է 10-րդ տեղը, ապա գալիս են Լատվիան՝ 28-րդ տեղ և Լիտվան՝ 31-րդ տեղ: Ղրղզստանը 88-րդն է, Ուկրաինան՝ 129-րդը, Ռուսաստանը՝ 152-րդը, Բելառուսը՝ 157-րդը, Ղազախստանը՝ 160-րդը, Ուզբեկստանը՝ 166-րդը, Թուրքմենստանը՝ 178-րդը:
Վարկանիշային աղյուսակի առաջատար հնգյակում ընդգրկվել են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդները և Շվեդիան: Հետնապահներն են Վիետնամը, Չինաստանը, Սիրիան, Թուրքմենստանը, ԿԺԴՀ-ն ու Էրիթրեան: