Հովիկ Աբրահամյանը զգուշացրեց Կարեն Ճշմարիտյանին. «Տարվա վերջին հիշեցնելու եմ»
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը զեկուցեց, որ 2015թ. շարունակվելու է հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման, ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման, համայնքներում զբոսաշրջության զարգացման ու արդյունավետ միջազգային համագործակցության ապահովման միջոցառումների իրականացումը:
Ըստ նախարարի՝ ծրագիրը կիրականացվի ՀՀ 2015 թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 188 մլն 400 հազար դրամի չափով, և սպասվում է, որ արդյունքում դա կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի 10% աճի ապահովմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե նշված չափով ֆինանսավորման դեպքում այս տարի սպասվող աճը 10% է լինելու, ապա եթե 100%-ով ավելացվի ֆինանսավորումը, աճը 100% կլինի՞:
«Ուղղակի չէ կապը»,- պատասխանեց նախարարը:
«Կարծում եմ, որ կա այդ 10%-ի հիմնավորում, չէ՞: Տարվա վերջին հիշեցնելու եմ»,- նախազգուշացրեց վարչապետը:
Կ.Ճշմարիտյանը գոհունակությամբ նշեց, որ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մեջ անցած տարի աճը 10% էր, բայց ավելի բարձր է եղել. «Կարծում եմ, որ այս տարի ավելի բարձր կլինի»: