Չինաստանը մինչև 2020 թվականը 23 անգամ կմեծացնի թերթաքարային գազի արդյունահանումը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը որդեգրել է թերթաքարային գազի արդյունահանման զգալի ավելացման կուրս: 2014 թվականին Չինաստանում իրականացվել է 200 հորատում, որով և հորատանցքների թիվն արդեն իսկ գերազանցել է 400-ը:
Այս մասին հայտարարել է China National Offshore Oil Corporation-ի առաջատար վերլուծաբան Չենյա Վեյդունը: Նա ընդգծել է, որ տեսանելի ապագայում հորատանցքների թիվը տարեկան կավելանա մի քանի հարյուրով:
Վերլուծաբանի խոսքերով՝ գազի արդյունահանման մեծացումը կնվազեցնի այլ երկրներից գազ գնելու պահանջարկը և ածխի պահանջարկը, որը հանդիսանում է Երկրի մթնոլորտ արտանետումների հիմնական աղբյուրը:
Չինաստանը կնվազեցնի ածխի արդյունահանումը՝ համաձայն 2014 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածության, որում նշված է, որ առաջիկա 20 տարում գրեթե 1/3-ով պետք է կրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները:
Չինաստանը մինչև 2020 թվականը 23 անգամ կմեծացնի թերթաքարային գազի արդյունահանումը, իսկ թերթաքարային գազի մասնաբաժինը Չինաստանում արդյունահանվող գազի ողջ ծավալում կհասցվի մինչև 15 տոկոսի: