
Մասնավորեցվելո՞ւ է արդյոք «Ավտոմատիկա»-ն. Արման Սահակյանի հետ զրույցը չտվեց այդ հարցի պատասխանը

Վերջերս ՀՀ կառավարությունը որոշեց Հայաստանի սարքաշինության երբեմնի առաջատարներից «Ավտոմատիկա» ձեռնարկության ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող բաժնետոմսերը փոխանցել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, որը պետք է զբաղվի դրա սեփականաշնորհման գործընթացով:
168.am-ը Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշվել սեփականաշնորհել ՊՆ ձեռնարկությունը:
«Չի որոշվել սեփականաշնորհել: Էդպիսի նպատակ կառավարութան որոշման մեջ չկար գրված և նույնիսկ հարակից տեղեկանքների մեջ չկար: Ընդամենը բաժնետմոսերն են հանձնվում Պետական գույքի կառավարման վարչությանը»,- հայտարարեց Ա.Սահակյանը:
Մեր դիտարկմանը, որ կառավարության որոշման մեջ բառացի գրված էր՝ մասնավորեցման նպատակով, Ա.Սահակյանը պատասխանեց, թե պետք է նախ ուսումնասիրեն, թե ինչ է. «Մասնավորեցում ասվածը էդքան հեշտ բան չի, որ վերցնենք ու վաղը մասնավորեցնենք: Նախ դա պետք է տանենք ԱԺ, մտցնենք մասնավորեցման ծրագրի մեջ: Այսինքն՝ ինքը բավականին երկար, հարատև գործընթաց է»:
Ըստ նրա՝ գործարանը չի համապատասխանում ռազմական արդյունաբերական արդի պահանջներին: Սահակյանը դժվարացավ պատասխանել, թե անցած տարի «Ավտոմատիկան» նոր համագործակցություն էր սկսելու ռուսական կողմի հետ, իրականացնելու էր հայկական բանակի զենիթահրթիռային համակարգերի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները։
«Պետք է նայենք, բայց եթե ՊՆ-ն ասում է, որ ի զորու չէ այդ գործարանը իրականացնել այն արտադրությունը, այն գործառույթները, որ պետք են ՊՆ-ին, ուրեմն գնահատական տվողը ՊՆ-ն է, ոչ թե պետական գույքի վարչությունը»,- ասաց Սահակյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է բացատրում, որ ՊՆ-ն մարզահամերգային համալիրի դեպքում կարող է իրականացնել ինչ-որ գործառույթներ, իսկ «Ավտոմատիկայի» դեպքում, որ այսքան տարի հատուկ ուղղվածություն ուներ, հնարավոր չէ, Պետգույքի կառավարման վարչության պետը հայտարարեց՝ «ամեն գերատեսչություն որոշում է իր գործողությունների քաղաքականությունը»: