Տնտեսական պատժամիջոցներն ուժեղացնում են ռուսաստանցիների այն համոզմունքը, որ Պուտինը սխալվում է. Բժեզինսկի
Newsweek-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հանձնաժողովի առջև ունեցած ելույթում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում ստուգում է Արևմուտքի ամրությունը:
Բժեզինսկին կարծում է, որ եթե չձեռնարկվեն շուտափույթ ռազմական միջոցներ, ապա մի օր Ռուսաստանը կարող է զավթել Ռիգան կամ Տալինը, իսկ ՆԱՏՕ-ն չի կարողանա խանգարել նրան.
«Մի գեղեցիկ օր Պուտինը կգրավի Ռիգան ու Տալինը, իսկ մենք միայն վրդովմունք կհայտնենք: Դրա համար էլ անհրաժեշտ է այսօր զսպել նրան և դա անել իրատեսական գործողություններով, ինչպիսին է Ուկրաինային պաշտպանական զենք մատակարարելը:
Չէ՞ որ 12 ամիս առաջ որևէ մեկն անգամ չէր էլ ենթադրել, որ Ռուսաստանի զինված ուժերը կհայտնվեն Ղրիմում ու կզբաղեցնեն այն: Իսկ եթե անգամ որևէ մեկը կանխատեսել է դա, ապա դա համարել է պատերազմի սանձազերծում»: Բժեզինսկին հավելել է, որ Ռուսաստանի նախագահը սեփական եզրակացություններն է կատարել Ղրիմ ներխուժելուց:
Բժեզինսկին խորհուրդ է տվել բալթյան երկրներում տեղակայել ոչ մեծ և չսադրող ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական ստորաբաժանումներ. «Էստոնիայում մոտ 100 ամերիկացի զինվորից բաղկացած ջոկատի առկայությունը որևէ կերպ չի կարող հարձակվել Ռուսաստանի վրա, փոխարենը Պուտինը կիմանա, որ եթե նա մտնի այնտեղ, ապա ստիպված կլինի բախվել ամերիկյան, գերմանական կամ բրիտանական զորամասերի հետ»:
Բժեզինսկին չի կարծում, թե Պուտինը պլանավորում է գրավել Ուկրաինայի ողջ տարածքը, քանի որ դա չափազանց վտանգավոր է նրա համար, սակայն դրա հետ մեկտեղ Պուտինի սնած հակամարտությունը սրվում է, և որ այնտեղ կան հազարավոր ռուս զինծառայողներ, ինչն անկարելի է անտեսել.
«Բնականաբար, տնտեսական պատժամիաջոցները լավ են, քանի որ դրանք վերջիվերջո ուժեղացնում են ռուսաստանցիների այն համոզմունքը, որ Պուտինը սխալվում է: Սակայն մենք հենց հիմա պետք է պատասխանենք անհապաղ ու գործուն միջոցներով, ինչպիսին է ուկրաինացիներին պաշտպանական զենք մատակարարելը: Այդպիսով, Մոսկվան կիմանա, որ Ուկրաինայում պայքարի մեջ ներգրավվելը շատ թանկ կարժենա իր համար»: