
Իրավապահնե՛ր, հիշեք, որ աշխատավարձ եք ստանում ձեռներեցների վճարած հարկերից

«Ես ասում էի, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը պարունակում էր ամեն ինչ, բացի լավից: Մարդիկ սկզբում թերահավատ էին, բայց հետո համոզվեցին, որ այն կարող է վերջ դնել Հայաստանի Հանրապետությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը:
ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ կիրառված բռնությունը Ս. Ասլանյանը բնորոշեց որպես «շարիաթի օրենքով մարդուն պատժել»: Նա դատապարտեց կատարվածն ու նշեց, որ չի կարելի նման ոճ որդեգել և փորձել քաղաքացիներին լռեցնել: Ս. Ասլանյանը խոսք ուղղեց իրավապահներին՝ հիշեցնելով, որ նրանք աշխատավարձ են ստանում ձեռներեցների վճարած հարկերից, ուրեմն՝ նրանց գործատուն ձեռներցներն են, և կոչ արեց շուտափույթ բացահայտել ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին՝ Ս. Ասլանյանը նշեց, որ այժմ պետական մարմինների հետ փորձում են կարգավորել այն, մշակվում է նախագիծ, շուտով հանդիպումներ կսկսեն տոնավաճառների աշխատողների հետ, կքննարկեն և, լուծումները ի մի բերելով, կներկայացնեն կառավարություն, որ կարողանան հարցին լուծում տալ: Ս. Ասլանյանը նշեց, որ քաղաքական նախաձեռնության շարժումի հետ կապված դիմել է քաղաքական ուժերին, որպեսզի իրենց սատարեն: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդդեմ այդ օրենքի կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցում էին ԱԺ բոլոր 6 խմբակցություների անդամները, եղել են նաև ոչ կուսակցականներ: