«Մեր մահվան պատճառն էդ սրիկան է». հրդեհից այրվածքներ ստացած կինը «սարսափելի խորը» վերքեր ունի. նոր մանրամասներ
Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում բռնկված հրդեհի արդյունքում այրվածքներ ստացած վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին 168.am-ին փոխանցեցին «Ճառագայթային բժշկության և այրվածքների» կենտրոնից:
Նրանց տեղեկացմամբ՝ այրվել է կնոջ մարմնի 70 տոկոսը, «սարսափելի խորը» վերքեր ունի, երիկամները չեն գործում, և դժվար թե փրկվի:
ՀՀ Քննչական կոմիտեում դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին՝ ժամը 05:20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի էր ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968թ. ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Տան պատին գրված է եղել. «Մեր մահվան պատճառն էդ սրիկան է»:
«Դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննության, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել մայրը։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։
Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա. Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։
Ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա՝ արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար»,- նշված էր Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: