ՀՀԿ-ականի որդին կալանավորվել է
Երեկ դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ երեկ երեկոյան դատարանը բավարարել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:
Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդված և 235-րդ հոդվածի 1-ին մաս (սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Մ.Պետրոսյանը 2015 թվականի փետրվարի 6-ին գնացել է Պռոշյան 2/1 շենքի նկուղային հարկում գտնվող, Օսեբ Մարկարյանին պատկանող գրասենյակ։
Վերջինիս հետ ունեցած պարտքուպահանջի հարցի շուրջ գրասենյակում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, գոտկատեղից հանելով ապօրինաբար իր մոտ կրվող, հրազեն հանդիսացող «ԻԺ-71» մոդելի «ՎԱՐ-7526» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակը՝ Մ.Պետրոսյանը կրակել է Օ.Մարկարյանի ուղղությամբ։
Վերջինս ստացել է մարմնական վնասվածք, սակայն, ըստ քննության տվյալների, Մ. Պետրոսյանը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. գրասենյակում ներկա գտնվողները վնասազերծել են նրան»,- նշված էր երեկ ՀՀ Քննչական կոմիտի կողմից տարածված հաղորդագրության մեջ: