
Ավտոմեքենայի գումարը փոխանցել են

Անցած տարեվերջին ամանորյա թոհուբոհի մեջ աննկատ մնաց ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի (Բուլկի) ձեռքբերումը՝ Toyota Camry մակնիշի նոր ավտոմեքենան՝ հարկատուների հաշվին: Արամ Հարությունյանը բարձր կարգի այս թանկարժեք ավտոմեքենան գնել է՝ այն ձևակերպելով որպես ծառայողական: Եվ դրա համար Կոտայքի մարզպետարանի հաշվին արդեն փոխանցվել է 13 մլն դրամ, որն էլ, որպես բարեխիղճ գնորդ, մարզպետարանը փոխանցել է վաճառողի՝ «Նաիրիշին» ընկերության հաշվեհամարին: Սև գույնի 181 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենան արտադրվել է 2014 թ-ին, վազքն ընդամենը 1000 կմ է:
Նախկինում, դեռ բնապահպանության նախարարի պաշտոնում, պաշտոնավարման վերջին օրերին ինքն իրեն ոսկե մեդալի պարգևատրությամբ աչքի ընկած Արամ Հարությունյանը, ըստ էության, պետության փողերը դրել է իր գրպանը, քանի որ «Նաիրիշինի» բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է նրան: Կառավարությունը դեռևս չի արձագանքել Ա. Հարությունյանի այդ քայլին: