ՀՀԿ-ն այսօր կպատասխանի՞ ԲՀԿ-ին
Այսօր ուշ երեկոյան գումարվել է ՀՀԿ Գերագույն մարմնի նիստ, որին ներկա է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և կուսացական ողջ վերնախավը:
Այս պահին նիստը շարունակվում է: Հայտնի էր, որ օրակարգում ԲՀԿ-ի հետ կապված հարցերն են քննարկվելու: ՀՀԿ-ն պետք է պատասխանի օրեր առաջ «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթին: Դրանում, ի թիվս այլ ուղերձների, կար նաև ուղերձ՝ ուղղված ՀՀ իշխանություններին, որում Ծառուկյանը կոչ էր անում մտածել և ճիշտ հետևություններ անել. «Առաջիկայում բացառված չեն նոր նմանատիպ ցնցումներ աշխարհը և մեր տարածաշրջանը խիստ անկայուն են: Իսկ տնտեսական, սոցիալական ճգնաժամերը հեշտությամբ կարող են վերաճել իշխանության ճգնաժամի՝ դառնալով անկառավարելի և անկանխատեսելի»,- ասել էր ԲՀԿ նախագահը:
Վերջինս նաև նշել էր, որ ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկված 12 կետերը չկատարելու դեպքում հնարավոր է պահանջեն արտահերթ ընտրություններ. «Մենք առաջ քաշեցինք 12 կետերը, որոնք արագ լուծելի էին: Երկրում առկա է սոցիալական, տնտեսական անկայուն մթնոլորտ: Երկրում ամրապնդվում է հոգեբանական ծանր մթնոլորտ: Պետք է ձևավորել արդյուանվետ համակարգ: Դրա համար պետք է ձևավորել ընտրական համակարգ, որտեղ մենաշնորհ չի լինի: Ես բազմիցս ասել եմ, որ ինձ համար թշնամիներ չկան: Այսօր ՀՀ գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց խաղից դուրս վիճակում են համարում: ՀՀ-ում պետք է լինեն իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն խորհրդարան: Այդ դեպքում խաղի միակ կանոնը կլինի պետության շահը: …Իշխանություններին պետք է հասկացնենք, որ ժողովուրդը կանգնած է կործանման եզրին: Մենք շարժվում ենք առաջ մեր երկրի և մեր ժողովրդի առջև պատասխանատվության զգացումով: Ստիպելու ենք իշխանություններին զգալ պատասխանատվության զգացում: Պետք է պատրաստվենք բոլոր ընտրություններին, որ վերջ տանք քաղաքական մենաշնորհներին: Եթե մեր քայլերը չկատարվի, ժողովրդին մնում է մի բան` պարտադրել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, եթե առկա խնդիրները պահանջում են իշխանության փոփոխություն, այդպես էլ պետք է լինի», -ասել էր նա: