«ՀՀԿ-ի համար անընդունելի է ոմանց էմոցիոնալ, իրականությունից կտրված ու պոպուլիստական հայտարարությունները». Է. Շարմազանով
Քիչ առաջ ավարտվել է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի նիստը (ԳՄ)` ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում դատապարտվել է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հանդեպ կիրառված բռնությունը: Նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն պաշտոնապես դատապարտել, դատապարտում և դատապարտելու է ՀՀ-ում բռնության ցանկացած դեպք: Շարմազանովի խոսքով՝ նիստի ժամանակ հույս է հայտնվել, որ ՀՀ իրավապահ մարմինները կբացահայտեն ու կպատժեն մեղավորներին: Նա վստահեցրեց, թե Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը ամենաքիչը ձեռնտու էր իշխանություններին:
Միաժամանակ, Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի համար անընդունելի է ոմանց էմոցիոնալ, իրականությունից կտրված ու պոպուլիստական հայտարարությունները: ՀՀԿ խոսնակը կոչ արեց հարգել անմեղության կանխավարկածը. «Որևէ մեկն իրավունք չունի իր գործընկերների հասցեին՝ անկախ, թե որ դաշտում է գործում, մեղադրանքներ հնչեցնել: Դա վերդիկտ չէ, նրանք դատարաններ չեն, եթե ունեն հստակ փաստեր, կարող են դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին»:
ՀՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են շատ հարցեր՝ ՀՀ-ում առկա ներքաղաքական իրավիճակը, այդ թվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, ներկուսակցական խնդիրներ: Շարմազանովը խոստացել է առաջիկա հինգշաբթի օրը կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստից հետո մանրամասնորեն ներկայացնել ոչ միայն քննարկված խնդիրները, այլ նաև դրանց լուծումները: