«Պարոնայք գանգստերներ, մենք չենք վախենում, մենք ընդունել ենք, մենք շատ ենք, եթե մենք ենք ձեզ ծնել` մենք էլ ձեզ կսպանենք». Արտյոմ Խաչատրյան
«Այսօր ակնհայտ մարտահրավեր է նետած մեր ժողովրդին, մեր հասարակությանը, քստմնելի, վայրագ, դաժան, ամենավատ խոսքերով բնութագրվող գործելաոճով կազմակերպված բանդաները, գանգստերական խմբերը, Իսլամական պետություն կոչվող խմբավորումների ձեռագրերի շատ նման գործելաոճով գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում»,- այսօր ՀՀ կառավարության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին առևանգել էին սև դիմակներով, ավտոմատներով զինված երեք անհայտ անձինք, նրան դաժան ծեծի էին ենթարկել, այնուհետև բերել ու ծեծված վիճակում թողել էին Արտակենց տան մոտ:
Բողոքի ակցիայի նպատակն էր՝ պահանջել իրավապահ մարմիններից՝ շուտափույթ բացահայտել Արտակ Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցած հանցագործության հեղինակներին:
Ա. Խաչատրյանի եղբայրն ակցիայի ժամանակ իր և իր նմանների անունից հայտարարեց նաև, որ իրենք ընդունել են մարտահրավերը:
«Պարոնայք գանգստերներ, մենք չենք վախենում, մենք ընդունել ենք, մենք շատ ենք, եթե մենք ենք ձեզ ծնել` մենք էլ ձեզ կսպանենք: Մենք խոսում ենք երևույթի, գործելաոճի, ոճրագործ ձեռագրի մասին, մենք չենք ուզում արյունոտ պետությունում ապրել, բայց հավատացնում եմ՝ մեր հանրապետության ստվար զանգված հաստատակամ են, որ չեն գնալու այս երկրից, սա մեր երկիրն է, մենք ենք կառուցում մեր երկիրը, հասկանում ենք, գիտակցում ենք, որ դա հեշտ գործ չէ, դժվար է, 25 տարիների ընթացքում տեսնում են, որ զոհեր են լինում, ավերածություններ են լինում, չբացահայտված հանցագործություններ են լինում: Դժվար է ստեղծել նորմալ պետություն, բայց մենք պետք է ստեղծենք այդ պետությունը»:
Նա իրավապահ մարմիններից պահանջեց անհապաղ բացահայտել Ա. Խաչատրյանի հետ տեղի ունեցածը.
«Սա է միակ ձեր ճանապարհը: Հակառակ դեպքում՝ հասարակ քաղաքացին չի կարող այլ կերպ մտածել, այլ դատողություն ունենալ, քան, որ բանդիտները վայելում են պետական հովանավորչությունը: Հարգելի բանդիտներ, մեր հանրապետության բանտերում չկա այդքան տեղ, խնդրում եմ՝ հասկացեք և ճիշտ գնահատեք ձեր ուժերը»: